«ԱրմենՏել»-ի նախկին տնօրենի դեմ ոչ մի ապացույց չունեն. փաստաբան

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի իրավունքների պաշտպան Տիգրան Աթանեսյանը առաջին ատյանի որոշումը, որով մերժում էր իր ներգրավվումը, բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում:

Ներկայումս առաջին ատյանի դատարանը դատական քննության է առել «Արմենտել» ՓԲ ընկերության անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանի դեմ քրեական գործը:

Աշոտ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. նոյեմբերի 13-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով գործուղման մեջ ՌԴ Մոսկվա քաղաքում, տեղի ունեցած հանդիպման ժամանակ, աշխատանքից ազատվելու մտավախությունից դրղված, համաձայնել է վերադասի՝ «Վիմպելկոմ» ՓԲ ընկերության ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության պետ Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորություններն, «Արմենտել» ՓԲ ընկերության շահերին հակառակ ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի։

Ըստ մեղադրական եզրակացության` նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի մեջ ընդգրկվել են Աշոտ Պողոսյանը, «Արմենտել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, տեխնիկական բլոկի տնօրեն Վլադիմիր Աաչկովը, ինչպես նաև Ղրղրզստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսեյ Պիսարևր։

Տիգրան Աթանեսյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ կարողացել է ծանոթանալ մեղադրական եզրակացությանը ու համոզվել, որ Իգոր Կլիմկոյի դեմ էական ապացուցողական հանգամանք չկա. «Ասեմ, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի դեմ ոչ մի ապացույց չունեն, երևի դա է պատճառը, որ չեն ուզում, որ ես մասնակցեմ դատաքննությանը: Միայն մի ցուցում կա ամբաստանյալի կողմից արված, որը մոտավորապես հետևյալ կերպ է ասում, թե մեկն իրեն փոխանցել է, որ կարող է` Կլիմկոն մասնակից է եղել, ու սա երրորդ անձի անունից է ասվում: Եթե անգամ ինչ-որ բան կատարվել է, ակնհայտ է, որ Կլիմկոն առնչություն չունի դրա հետ»,- փոխանցեց պարոն Աթանեսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել