ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, անընդմեջ ստացվում է 28 օր՝ շաբաթ և կիրակի օրերը ներառյալ, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր, անընդմեջ՝ 28 օր՝ կիրակի օրերը ներառյալ: Իսկ քանի՞ օր են հանգստանում այլ երկրների քաղաքացիները:
Ռուսաստանում աշխատողները ունեն 28 օրվա ամենամյա արձակուրդի իրավունք:
ԱՄՆ-ում ամենամյա արձակուրդները տևում են միջինը մինչև 10 օր, քանի որ արձակուրդի ժամանակահատվածը և վճարման կարգը կարգավորվում է գործատուի և աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագրով:
Ֆրանսիայում ամենամյա արձակուրդի տևողությունը 30 օր է: Սակայն այն աշխատողները, ովքեր նույն կազմակերպությունում աշխատել են ավելի քան 10 տարի, կարող են օգտվել մինչև 11 ամիս անընդմեջ վճարով արձակուրդի իրավունքից:
Նորվեգիայում շաբաթական աշխատանքային 37.5 ժամաքանակի դեպքում, աշխատողները իրավունք ունեն 5 շաբաթյա ամենամյա արձակուրդի, որից մինիմում 3 շաբաթը կարող են վերցնել ամռանը: 60 տարեկանից բարձր աշխատողները ունեն լրացուցիչ մեկ շաբաթյա արձակուրդի իրավունք:
Ճապոնացիները ունեն 18 օրվա ամենամյա արձակուրդի իրավունք, սակայն ոչ բոլորն են միանգամից օգտագործում այն:
Iravaban.net-ի հետ զրույցում ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով գործատուի և աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքայինշաբաթի դեպքում:
«Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ: Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար»,- նշեց նա:
Աղբյուրը՝ Իրավաբան.net