Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Մարկարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է:
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Պռոշյան 2/1 շենքի նկուղային հարկում գտնվող` քաղաքացի Օ.Մարկարյանին պատկանող գրասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացի Մ.Պետրոսյանն իր մոտ պահվող «ԻԺ 71» մոդելի 9մմ տրամաչափի ատրճանակով ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է Օ.Մարկարյանի ուղղությամբ: Վերջինս ստացել է մարմնական վնասվածք, սակայն, ըստ քննության տվյալների, Մ.Պետրոսյանը չի կարողացել հանցագործությունն ավարիտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. գրասենյակում ներկա գտնվողները վնասազերծել են նրան:
Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Մ.Պետրոսյանը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը ոստիկանության տարածած հաղորդագրությանհամաձայն՝ ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1948 թ. ծնված Հովսեփ Մ.-ն հաղորդում էր տվել, որ ժամը 22.00-ին իրեն պատկանող, Պռոշյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ՝ 1968 թ. ծնված Մհեր Պ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը` կրակել է իր ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք:
Նշենք, որ Tert.am-ի տեղեկություններով ՝ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող Մհեր Պետրոսյանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: