Ցավալի դեպք. քաղաքացին դատական նիստից անմիջապես հետո վատացել է և մահացել

Փետրվարի 4-ին ցավալի դեպք է տեղի ունեցել Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստից հետո: Այդ օրը դատարանը մեկնարկել է գողության համար առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման դատապարտված Սերոբ Մխիթարյանի գործի վերաքննիչ բողոքի քննությունը:

Ամբաստանյալն առաջին ատյանի դատարանի վճռով կատարել է խոշոր չափերի գողություն: Որպես տուժող ճանաչվել է 3 անձ, այդ թվում` Ռիտա Այվազյանը: Առաջին ատյանի դատարանը վճռել է հօգուտ տուժող Ռիտա Այվազյանի ամբաստանյալից բռնագանձել 2.400.000 ՀՀ դրամ և 22.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով վերջինիս պատճառված գույքային վնասի հատուցում:

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է բերել, առաջին դատական նիստի օրը` փետրվարի 4-ին, կտրուկ վատացել է Ռիտա Այվազյանի ամուսնու` Զավեն Այվազյանի առողջական վիճակը, նրան տեղափոխել են հիվանդանոց, այնուհետև նա մահացել է: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց Ռիտա Այվազյանի փաստաբան Աշոտ Սաֆարյանը:

Նա պատմեց, որ փետրվարի 4-ին դատական նիստը հետաձգվել է` դատարանի ծանրաբեռնվածության պատճառով. «Մենք դատարանից դուրս եկանք և իմ վստահորդի ամուսինն անմիջապես վատացավ, մենք շտապօգնություն կանչեցինք, եկավ մեքենան, կուրտկան հանեցինք ճնշում չափելու համար: Դատարանի դիմաց նաև դեղատուն կա, մենք դեղ առանք և բերեցինք, նա անգամ ի վիճակի չէր դեղը կուլ տալ, այդաստիճան վատ էր, մեքենայով նրան տարան, վստահորդս նրա հետ գնաց, երեկոյան իմացա, որ մահացել է»,- նշեց փաստաբանը:

Մեր այն հարցին, թե արդյոք դատական նիստին Զավեն Այվազյանը լարված է եղել կամ էլ բողքել է առողջական վիճակից, փաստաբանը պատասխանեց. «Նա մեր ետևի շարքի նստարանում էր նստած, հետո ընդմիջում եղավ 5 րոպեով, նա դուրս եկավ, որովհետև արդեն օդը ոնց որ չհերիքեր, դրանից հետո նորից ներս մտավ, նիստը սկսվեց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել