Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը

Խորհրդարանը փետրվարի 5-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Պատգամավորները քննարկել են 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ համաձայնագրով կարգավորվում են մի կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսի փոխարեն սահմանել 2 տոկոս բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք կբավարարեն օրենքով սահմանված չափանիշները:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը շնորհակալություն են հայտնել խորհրդարանին հարցը մանրամասն քննարկելու համար եւ անդրադարձել պատգամավորների մտահոգություններին ու առաջարկներին: Նրանք առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու եւ օրինագիծը լրամշակելու պատրաստակամություն են հայտնել:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցումով:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս միասնական կարգավորմամբ ունենալու մասնավոր գերեզմանատներ, մինչդեռ պետական-համայնքային գերեզմանատները գերծանրաբեռնված են: Օրենքների նախագծերի կարգավորման նպատակն է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել նշված ծառայության իրականացման համար համապատասխան թույլտվության տրամադրումը, մատուցվող ծառայությանը ներկայացվող պահանջները, իրականացման վայրերը եւ տեղական տուրք, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն՝ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու դեպքերը կանխելու համար: Դրանց տեղակայման վայրերը եւ նշված ծառայություններին ներկայացվող պահանջները սահմանելու լիազորությունն առաջարկվում է վերապահել համայնքի ավագանուն:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել