Օմբուդսմենը մարդու իրավունքների խախտում է հայտնաբերել Գլխավոր դատախազության գործողություններում

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների խախտում է հայտնաբերել Գլխավոր դատախազության գործողություններում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնական կայքից:
Պաշտպանին դիմած փաստաբանը նշել է, որ դատական գործի շրջանակներում մեղադրող դատախազը հայհոյանքներ է ուղղել իր պաշտպանյալի մոր հասցեին:
Դեպքի կապակցությամբ Դատախազությունից հայտնել են, որ թեև «Դատախազի վարքագծի կանոնագրքով» դատախազը պետք է լինի պարկեշտ, զուսպ և հավասարակշիռ, սակայն տվյալ դեպքում դատախազի արարքը դրսևորվել է սադրանքի և առաջացած հոգեկան հուզմունքի պայմաններում, հետևաբար չի կարող դիտվել որպես էական խախտում:
Գործն ուսումնասիրելուց հետո Օմբուդսմենը որոշել է, որ Դատախազության գործողությունների հետևանքով խախտվել է քաղաքացու իրավունքը. մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է, իսկ դատախազի հիմնական պարտականություն է Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը:
Օմբուդսմենն առաջարկել է արդյունավետ միջոցներ ձեռնարկել այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու համար և կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում կատարած պաշտոնյային:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումը խախտում հայտնաբերելու և այն կատարած պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու մասին որոշմանը կարող եք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ ombuds.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել