Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչ` 1992թ.-ին ծնված Աննա Մ.-ն, դատարանով ապացուցված հանգամանքներով, 2011թ. հոկտեմբերի 8-ին գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը, բերանը, քթանցքները և այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
Երբ գործը մտել է դատարան ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Նա հայտարարել է, որ համաձայն է մեղադրանքի հետ:
Ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալ Աննա Մ.-ի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է ասել հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ ըստ դատարանի` Աննա Մ.-ն կատարել է միջին ծանրության հանցանք, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը հինգ տարի է: Դատարանն արձանագրել է, որ Աննա Մ.-ն երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, նրա անձը արատավորված չէ:
Դատարանը գտել է, որ Աննա Մ.-ի կողմից կատարված հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը նվազել է և հնարավոր է հանգել հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը կրելու և հնարավոր է համարում ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կանոններով պատիժը պայմանականորեն չկիրառել: Գործով քաղաքացիական հայց չի հարուցվել, գույքային վնասի հատուցման պահանջ չի ներկայացվել:
Դատարանն իր դատավճռով Աննա Մ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների համաձայն պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Մեղադրողն առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, սակայն դատարանն այն թողել է անփոփոխ: Հետաքրքիր է Վերաքննիչ դատարանը մեկնաբանությունը: Այսպես` մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսդրությունը, դատարանը նշել է, որ «մոր կողմից նորածին երեխայի սպանության հանցակազմը դիտում է որպես արտոնյալ՝ հաշվի առնելով, որ հղիությունը, հատկապես անցանկալի, և ծննդաբերությունն ու դրա հետ կապված տարբեր հոգեֆիզոլոզիական գործընթացները բավականին անբարենպաստ ազդեցություն են թողնում կնոջ հոգեկան վիճակի վրա։ Հենց միայն ծննդաբերությունը կանանց օրգանիզմի համար հեղաշրջման պես բացառիկ բան է, որն ուղեկցվում է սաստիկ հոգեկան ցնցումներով, իսկ արտաամուսնական հղիության դեպքում այդ ամենին միանում են ամոթը հասարակական կարծիքի, հատկապես ծնողների ու ազգականների առջև, նյութական դժվարությունները, ծանր կենցաղային պայմանները, երեխայի հոր դրդչությունը կամ հրաժարումն երեխային նյութապես ապահովելուց և այլ անբարենպաստ գործոններ, սակայն այս ամենը, իհարկե, չի կարող նորածնին կյանքից զրկող մոր քրեական պատասխանատվությունը բացառող հիմք հանդիսանալ, քանի որ կյանքի դեմ ուղղված հանցագործությունների հանրային մեծ վտանգավորությունը պայմանավորված է նրանով, որ մարդու կյանքը կարևորագույն, ի վերուստ տրված բարիք, հիմնարար սոցիալական արժեք է և կյանքի դեմ ուղղված հանցագործությունների հետևանքներն ենթակա չեն վերականգնման կամ հատուցման, քանի որ ամենածանր հանցագործությունների՝ սպանությունների հետևանքով պատճառվում է անդառնալի ու անփոխարինելի կորուստ, ոչնչանում է մարդկային հասարակության մեջ գոյություն ունեցող ամենամեծ արժեքը՝ մարդու կյանքը։
Բնականաբար, մոր կողմից նորածին երեխային սպանելու համար նախատեսված պատիժը պետք է էականորեն տարբերվի հասարակ սպանության համար նախատեսված պատժից և եթե ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հասարակ սպանության համար պատիժ է նախատեսված ազատազրկում ութից տասնհինգ տարի ժամկետով, ապա մոր կողմից նորածին երեխայի սպանության համար` ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով, այսինքն՝ օրենսդիրն երկու դեպքում էլ դիտում է ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու փաստը և երկու դեպքում էլ ռեալ պատիժ է սահմանել»,- նշված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։
Ամիսներ անց առաջին ատյանի դատարանը կրկին քննության է առել երեխայի սպանության գործը, այս անգամ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Սյունիքի բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացրել Աննա Մ.-ի նկատմամբ համաներում կիրառելու և վերջինիս պատժի կրումից ազատելու մասին:
Միջնորդությունը բավարարվել է և Աննա Մ.-ի նկատմամբ կիրառվել է 2013թ. հոկտեմբերի 03-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված համաներումը: