Հայաստանում խախտվել է հավաքների ազատության իրավունքը. Human Rights Watch

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը (World Report 2015) աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Զեկույցում առանձին բաժիններով անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում Հայաստանում գրանցված իրադրությանը, մասնավորապես հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, խոսքի ազատության, գենդերային ինքնության խնդիրներին և այլ հարցերի: Նշվում է, որ Հայաստանի իշխանությունները 2014թ. շարունակել են խոչընդոտել խաղաղ ցույցերի իրականացմանը և որ 2014թ. առաջին կեսի ընթացքում կենսաթոշակային բարեփոխումների, բնապահպանական հիմնահարցերի, կոմունալ ծառայությունների վճարների և այլ հիմնախնդիրների շուրջ իրականացված ցույցերի ընթացքում մայրաքաղաք Երևանում ոստիկանության կողմից ձերբակալվել են առնվազն 70 ակտիվիստներ, որոնք հիմնականում ազատ են արձակվել մեկ օրվա ընթացքում, իսկ որոշները ենթարկվել են վարչական տույժերի: Հավաքների ազատության համատեքստում անդրադարձ է կատարվում նաև ընդդիմադիր Շանթ Հարությունյանի և նրա 13 համակիրների դեմ հետաքննությանն ու դատապարտմանը՝ որպես քաղաքականապես մոտիվացված:
Չնայած կատարված բարեփոխումներին այլընտրանքային զինվորական ծառայության ոլորտում, մարդու իրավունքների ակտիվիստները շարունակում են մտահոգված մնալ բանակային այլ հիմնախնդիրների շուրջ, մասնավորապես՝ նորակոչիկների անհամաչափ բժշակական հետազոտությունների կապակցությամբ, ինչպես նաև ոչ մարտական մահերի հետաքննությունների թափանցիկության և անաչառության կապակցությամբ (գրանցված մահերը պաշտոնապես դիտարկվում են որպես դժբախտ պատահարներ կամ ինքնասպանության դեպքեր, մինչդեռ այդտեղ կարող են լինել նաև բռնության մասին վկայություններ):
Human Rights Watch-ի զեկույցի` Հայաստանի մասին հատվածին և ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել