Վճռում առկա եզրահանգումներն անարգում են ցեղասպանության զոհվածների հիշատակը. Ամալ Քլունի. Փաստինֆո

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճռի դեմ Շվեյցարիայի բողոքի լսումներին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը գործի վերաբերյալ, այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Փաստինֆո լրատվական գործակալությունից: Հաշվի առնելով գործի վերաբերյալ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք բանավոր ներկայացված Հայաստանի դիրքորոշումն ամբողջությամբ:

Գևորգ Կոստանյան

Պարոն նախագահող, հարգելի դատավորներ, պատիվ ունեմ դիմել Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունը նախաձեռնեց հայ ժողովրդի լայնածավալ ու համակարգված ոչնչացումը: Այս տարի ապրիլի 24-ը առանձնահատուկ նշանակություն ունի՝ այդ օրը նշվում է ոճրագործության հարյուրամյակը. բայց ոչ այն պատճառով, որ կոտորածներն ու աքսորները տեղի են ունեցել միայն այդ օրը: Ոչ, դրանք տևել են 25 տարուց ավելի՝ 1895-1923թթ.: Բայց 1915 թվականի այդ օրը նախապես պլանավորված և ցինիկ կերպով թուրքական իշխանությունները հավաքեցին բոլոր հայ մտավորականներին՝ հարյուրավոր գրողների, երգահանների, արվեստագետների, համայնքային ղեկավարների և սպանեցին նրանց: Հայ տղամարդիկ, որոնցից շատերն, ի դեպ, ծառայում էին օսմանյան բանակում, սրի քաշվեցին: Կանայք, երեխաներն ու ծերերը ուղարկվեցին անապատ՝ մահվան քայլերթի, որտեղ նրանք սովի մատնվեցին, խոշտանգվեցին, բռնաբարվեցին և սպանվեցին: Կանխամտածված կերպով ոչնչացվեց հայ բնակչության կեսից ավելին: Այս հիշողության կսկիծը շարունակում է ապրել հայերի սրտերում ու մտքերում: Նրանք, ում հաջողվեց փրկվել, հաճախ նախանձում էին մահացածներին՝ տեսնելով այն ինչ կատարվում է: Նրանք զրկվեցին ամեն ինչից՝ ընտանիքից, սեփականությունից, մշակութային և հոգևոր ժառանգությունից: Նրանք, ում հաջողվեց խուսափել տեղահանությունից, նախանձում էին հեռացածներին, քանի որ իրենք կորցրեցին ավելին՝ զրկվեցին հայկական ինքնությունից՝ տասնյակ տարիներ ապրելով վախով, որ կարող է բացահայտվել իրենց հայ լինելը: Ապրեցին փոխված անուններով, բռնի ուժով փոխված հավատքով՝ իրար գաղտնի զգուշացնելով չբարձրաձայնել հայերեն խոսքը, որ կարողացել էին պահպանել:

Հայ ժողովուրդը փրկվեց և հաղթահարեց. Մենք երբեք չենք խնդրել այս դատարանին խոսել տանջանքների մասին, որոնց ականատես են եղել ոչ միայն անհատները, այլև համայնքներն ու ողջ ազգը: Բայց հայ ժողովուրդը չէր էլ սպասում, որ հարյուրամյակի նախաշեմին կհայտնվի այս դատարանում՝ փորձելով պաշտպանել սեփական պատմությունը կույր ժխտողականությունից, չէր սպասում, որ այս դատարանը երբևէ հնարավորություն կընձեռի ժխտողականներին ապահով հանգրվան ունենալ իրենց հայտարարությունների համար, որոնք արդեն այսօր օգտագործվում են պատմությունը խեղաթյուրելու քարոզչական նպատակներով:

Որպես ներգրավված կողմ, Հայաստանի դերն է մատնանշել այն ճշգրիտ սկզբունքները, որոնցով պետք է լուծվի այս գործը, ինչպես նաև ընդգծել այն սխալները, որ տեղ են գտել ստորին պալատի վճռում: Կարևոր է ոչ այնքան դատարանի հետևությունը, որքան դատարանին ներկայացված փաստերի անճշտությունը, իրավական և տրամաբանական սխալները, որոնք բարենպաստ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունը ժխտողների համար ողջ աշխարհում: Մենք այստեղ ենք ապահովելու նման սխալների կրկնության բացառումը մի դատարանի կողմից, որ հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների:

Թույլ տվեք ներկայացնել պարոն Ջեֆրի Ռոբերտսոնին և տիկին Ամալ Քլունիին, ովքեր կշարունակեն ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը:

Ջեֆրի Ռոբերտսոն

Պարոն նախագահող, հարգելի դատավորներ, 1915 թվականին Օսմանյան կառավարության նպատակը, ինչպես Բեռլինին ներկայացրել էր այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆ Մետտերնիխը, «հայկական հարցի վերացումն էր՝ հայ ժողովրդի ոչնչացման միջոցով»: Հայերի, իսկ այնուհետև Գերմանիայում հրեաների հետ կատարվածն էր, որ հիմք տվեց Ռաֆաել Լեմկինին ստեղծել «ցեղասպանություն» բառեզրը` բնորոշելու համար մարդկության դեմ հանցագործություններից ամենածանրը: Հանցագործություն, որի դեմ այսօր բոլոր պետությունները պարտավորվել են պայքարել միջազգային իրավունքի ուժով: Պարտավորություն, որն, ըստ միջազգային Կոնվենցիայի 20-րդ հոդվածի, ներառում է խտրականություն, թշնամանք կամ բռնություն հրահրող ռասայական ատելություն քարոզելու արգելքը:

Հարցը տվյալ դեպքում այն է, թե արդյոք շվեյցարական օրենքը, որով դատապարտվել էր Փերինչեկը (Քրեական օրենսգրքի 261բիս հոդվածը), համատեղելի է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվող խոսքի ազատության հետ: Խնդիրն այն է, թե արդյոք դրա կիրառումը պետությունների հայեցողության սահմաններում է, երբ որոշվում է, ռասիստական մտադրությամբ արվող հայտարարությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցներ կիրառելու հարցը:

10-րդ հոդվածը Կոնվենցիայի ուրույն ձևն է ասելու «ես Շառլի եմ» (Je Suis Charlie)՝ տեղեկություններ, քննադատություն և երգիծանք փոխանակելու թույլտվության վոլտերյան, բայց ոչ վիրավորական իմաստով:

Այս հոդվածը հօգուտ խոսքի ազատության սահմանում է կանխավարկած մի Կոնվեցիայում, որը պաշտպանում է առանց խոշտանգումների և խտրականության ապրելու, «ես հրեա եմ», «ես մահմեդական եմ», կամ «ես հայ եմ» ասելու այլոց իրավունքներն ու արժանապատվությունը` չվախենալով, որ կքննադատվի կամ կստորացվի: Այդ պատճառով է, որ 10-րդ հոդվածն ունի դրույթ, որը թույլ է տալիս օրենքով սահմանափակել խոսքը այն դեպքերում, երբ այն կարող է, կամ մտադիր է պատճառել որոշակի վնաս. հրահրել բռնություն, ռասայական ատելություն կամ հանրային անկարգություններ:

Իրավաբանության դոկտոր և իր ետևում քաղաքական կուսակցություն ունեցող խորամանկ ու կատաղի ռասիստի շուրթերից հնչող ցեղասպանության ժխտումը կարող է ունենալ կրկնակի ազդեցություն. ստիպել ցեղասպանությունը վերապրածներին, նրանց երեխաներին ու թոռներին զգալ այն անարժեքությունը, արհամարանքն ու ստորացումը, որ եղել է սկզբնական եղեռնագործների մտքին, ինչպես նաև առաջացնել ոճրագործների նկատմամբ հիացմունք ու նրանց հետ մրցելու վտանգավոր ցանկություն: Այս գործում շվեյցարական դատարանները վճռեցին, որ Փերինչեքի մտադրությունները ռասիստական էին, որ նրա թուրքերեն արտասանված խոսքերը նպատակ ունեին ոգևորելու Թուրքիայում իր աջակիցներին, և ուղղված էին ընդդեմ հայերի, որպես ագրեսորների, ի պաշտպանություն իր հերոս Թալեաթ փաշայի` օսմանյան Հիտլերի:

Մենք ընդունում ենք, որ որոշ ողջամիտ մարդիկ կմտածեն, որ այս գործում շվեյցարական դատարանները չեն պահպանել ճիշտ հավասարակշռություն (ինչպես ներքոհիշյալ 7 դատավորներից 5-ը) և որ Փերինչեքի նման անձնավորության տարօրինակություններն ավելի շուտ ծիծաղելի են, քան վտանգավոր: Դա, իհարկե, չի նշանակում, որ օրենքն ինքնին հակասում է Կոնվենցիային, ինչպես նաև չի նշանակում, որ դրա կիրառումն այս գործում պետք է հանգեցնի նրա օգտին կայացվող որոշման: Նման հետևություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե շվեյցարական դատարանների որոշումները լինեին պետություններին թույլատրելի հայեցողության սահմաններից դուրս, կապված այն օրենքների հետ որոնք հետապնդում են ռասայական խտրականության և բռնության դեմ պայքարի իրավաչափ նպատակ:

Ինչպե՞ս պետք է որոշվի հայեցողության այն սահմանը, որ պետք է ունենա Շվեյցարիան: Դա կախված է նրանից, թե արդյոք արված արտահայտությունը հանրային կարևորություն ներկայացնում է, թե ոչ: Փերինչեկի սադրիչ առարկությունները որևէ կարևորություն չէին ներկայացնում: Դրանք չունեին կշիռ, հնչելով մի մարդու կողմից, որը հայտարարում էր, որ որևէ ապացույց երբևէ չի փոխի իր կարծիքը, և հիմնված չէր որևէ փաստարկի վրա. դա գաղափարական տեսանկյունից անբովանդակ ինքնագովազդ էր, և նա չի կարող հավակնել ավելի մեծ արտոնության, քան որևէ պոռնոգրաֆիայով զբաղվող անձ կամ խաբեբա: Դատարանի կողմից միամտություն էր պնդել, թե նրա հայտարարությունները քաղաքական, պատմական կամ նույնիսկ իրավական արժեք ունեին, որովհետև արվել էին կոնֆերանսի ժամանակ կամ թեժ բանավեճի մաս էին, ինչը ոչ մի նշանակություն չունի, որովհետև, ըստ էության բոլոր երեք դեպքերում էլ որևէ բանավեճ չկար և հայտարարություններն արվել էին Թուրքիայի ներքին լսարանի համար: Նրան «քաղաքական գործիչ» անվանելը անտեղի լրջություն է հաղորդում նրա խոսքերին. նա անուղղելի ցեղասպանություն ժխտող է և հանցագործ: Փաստը հաստատող հիմնական մարմինները` շվեյցարական դատարանները, եզրակացրին, որ նրա հայտարարություններն արվել էին ռասիստական նպատակով: Ուստի նրա՝ ռասիստական շարժառիթով արված հայտարարությունների հասարակական վտանգը գնահատելիս, շվեյցարական դատարաններն իրավասու էին ունենալ հայեցողության լայն սահման:

Հայաստանի հիմնական նպատակն է հերքել վճռում առկա պնդումները, որոնք կասկածի տակ են դնում, որ 1915 թվականի ջարդերն ու տեղահանությունները ցեղասպանություն են: 115-րդ պարբերությունն արձանագրում է, որ այս ցեղասպանության վերաբերյալ չի կարող լինել կոնսենսուս, քանի որ աշխարհի 190 երկրներից միայն 20-ն են այն պաշտոնապես ճանաչել: Սա ակնհայտորեն անհաջող փաստարկ է, քանի որ երկրների մեծ մասն երբևէ չի քննարկել այս հարցը: Իսկ այն պետությունները, որոնք ճանաչել են, դա արել են լուրջ պատմական և իրավական քննարկումներից հետո: Այդ երկրների թվում են Եվրոպական գրեթե բոլոր առաջատար պետությունները, ԱՄՆ 50 նահանգներից 43-ը: Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը, ապա Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան ճանաչել են ցեղասպանությունը, հետևաբար Դատարանին թուրքական կառավարությունը ապատեղեկատվություն է տրամադրել Բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Ցեղասպանության վերաբերյալ աճող կոնսենսուսի և միջազգային քրեական դատարանի որոշումների պատճառով Միացյալ Թագավորությունը մի քանի տարի առաջ հրաժարվել է «ցեղասպանության անորոշության» վերաբերյալ դիրքորոշումից, ինչպես դա ապացուցվում է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական փաստաթղթով: Թվում է՝ 117-րդ պարբերությունն ակնարկում է, թե 1915 թվականի դեպքերի վերաբերյալ երբևէ չեն կարող վերջնական եզրակացություն կամ օբյեկտիվ ու բացարձակ ճշմարտություն: Եթե այդ պարբերության իմաստը հենց դա է, ապա սա վնասակար անհեթեթություն է և ծանր վիրավորանք յուրաքանչյուր հայի նկատմամբ, ում հարազատները սովամահ են արվել ու սպանվել իրենց ազգային պատկանելիության և կրոնի համար: Մի դատարան, որ հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հավատի վրա և, հետևաբար, նաև այն հավատի, որ ոճրագործությունների հեղինակները կարող են դատապարտվել մեղքը ողջամիտ կասկածից վեր հիմնավորող ապացույցների հիման վրա, ինչպես կարող է կարծել, թե կոտորածներն ու մահվան քայլերթերն էությամբ վիճելի են և հակասական:

Այս պարբերության շարունակությունն այնուհետև կատարում է վիրավորական և սխալ տարբերակում հայկական ցեղասպանության ժխտման և Հոլոքոստի ժխտման միջև, որովհետև վերջինի դեպքում առկա են “գազախցերի գոյության” կոնկրետ ապացույցներ: Բայց այստեղ ևս առկա են մահվան քայլերթերի ու կոտորածների կոնկրետ ապացույցներ, ինչպես մանրամասն կներկայացնի Ամալ Քլունին: Դատարանն այնուհետ պնդում է, որ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը դատապարտել էր նացիստներին և, որ նման որևէ դատարան երիտթուրքերին չի դատապարտել: Իհարկե դատապարտել է` Թուրքիայի ռազմական տրիբունալը 1919 թվականին, կիրառելով միջազգային ռազմական իրավունքը դատապարտել էր Թալեաթ փաշային և նրա բանդային: Բայց այստեղ Դատարանն ակնհայտորեն ասում է, որ չես կարող ոճրագործությունն անվանել “ցեղասպանություն” քանի դեռ դրա վերաբերյալ չկա միջազգային դատարանի վճիռ, մի բան, որը անհեթեթ է: Նույնիսկ Հոլոքոստը չէր կարող որակվել ցեղասպանություն ըստ այս չափանիշի, քանի որ Նյուրնբերգի 1946 թվականի վճիռն այս հանցագործության մասին որևէ նշում չի պարունակում. Այն ստեղծվեց ցեղասպանության վերաբերյալ 1948 թվականի Կոնվենցիայով:

Սրանք ակնհայտ սխալներ են, և մենք Մեծ պալատին կոչ ենք անում չկրկնել: Դրանք առաջ են մղում այն գաղափարը, որ Հոլոքոստը միակ «իրական» ցեղասպանությունն է, իսկ մնացած բոլորը հավետ մղված են տեսության ու բանավեճի տիրույթ: Իհարկե, Հոլոքոստը մարդկության դեմ ամենածանր հանցագործության սարսափելի օրինակ է, սակայն սխալ է ներել կամ նվազեցնել ռասայական կամ կրոնական հողի վրա իրականացված այլ զանգվածային կոտորածներ, որովհետև դրանք ավելի քիչ զոհեր կամ սպանության այլ մեթոդներ են ունեցել: Հայերի, հրեաների, բոսնիացիների կամ Ռուանդայի թութսիների համար կարևորն իրենց մահվան եղանակը չէ, կամ այն, թե արդյոք իրագործողները դատապարտվել են միջազգային դատարանների կողմից, թե ոչ, այլ այն, որ նրանց համարել են ապրելու ոչ արժանի որովհետև նրանք հրեաներ, հայեր, կամ թութսիներ էին: Փորձելով արտոնություն տալ Հոլոքոստին որպես միակ ցեղասպանություն, այս վճռի տրամաբանությունը վտանգում է ցեղասպանության կանխարգելման կենսական պատճառը և չպետք է երբևէ շտկվի:

Ամալ Քլունի

Պարոն նախագահող, հարգելի դատավորներ, ինձ համար պատիվ է հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից: Ինչպես ներկայացրեց իմ գործընկեր պարոն Ռոբերտսոնը, մեր դիրքորոշումն այսօր նպատակ ունի ճշգրտել այս գործում առկա տվյալները: Դատարանի վճռի ամենակարևոր սխալն այն է, որ կասկածի տակ է դրվել 100 տարի առաջ հայերի դեմ ցեղասպանության իրականության փաստը: Ես պնդում եմ, որ ցեղասպանության վերաբերյալ գնահատականը՝ 1. Դա անհրաժեշտ չէր այս գործում, 2. Դա արվել է առանց պատշաճ փաստահավաք գործընթացի և 3. ամենակարևորը՝ դա սխալ է:

Դատարանն ինքն էլ է ընդունել, որ «չէր պահանջվում որոշել», արդյոք հայկական ջարդերը «ցեղասպանություն էին, թե ոչ»: Դա նաև դիմումատուի դիրքորոշումն է: Եվ Հայաստանի կառավարությունը համաձայն է:

Անհրաժեշտ չլինելուց բացի, ցեղասպանության վերաբերյալ ստորին պալատի մեկնաբանությունները որևէ հիմնավորում չունեն և արվել են առանց նույնիսկ Հայաստանի օգնությանը դիմելու: Դատարանը չի բացատրել, թե ինչու էր վերացրել շվեյցարական դատարանների որոշումը, որոնք լսել էին գործը և հետազոտել գործին առնչվող ապացույցները և եզրահանգել էին, որ ցեղասպանությունը հայտնի և ապացուցված իրողություն է: Փոխարենը, ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը: Դատարանը չի պահանջել նաև փաստաթղթային ապացույցներ, չի լսել վկաների հարցաքննություն, չի ներգրավվել փորձագետներ և չի իրականացրել քննություն տեղում:

Այս Դատարանն այն հարթակը չէ և Փերինչեկի գործն այն գործը չէ, որի ընթացքում պետք է որոշվի պետության պատասխանատվությունը ցեղասպանություն հանցագործության համար: Սակայն եթե այս Պալատը մտադիր է դատական վճիռ կայացնել նման կարևոր հարցի վերաբերյալ, ապա հայկական պետությունը պետք է պատշաճ ներգրավվածություն ունենա դատարանում: Այդ պարագայում մենք ուրախ կլինենք ապացույցներ տրամադրելու հնարավորության համար, որոնք մեր կարծիքով հիմնավոր են և կապացուցեն, որ տեղի են ունեցել համակարգված ոճրագործություններ, որոնք այսօր կորակվեին որպես ցեղասպանություն:

Վճռում Դատարանի դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ պարզապես սխալ է: Հայերի դեմ կատարված ոճրագործությունների ապացույցները, որոնցից մի քանիսը ամփոփ ներկայացված են չհամընկնող կարծիքում, հստակ ապացուցում են և՛ տեղի ունեցածը, և՛ դրա ետևում եղած ցեղասպանություն իրագործելու նպատակը:

Ժամանակակիցների լուսանկարները ցույց են տալիս մահվան քայլերթերն ու համակենտրոնացման ճամբարները, որտեղ հազարավոր հայեր են զոհվել: Կան գլխատումների, այրված մարմինների, դեպի անապատ ուղղվող հայերով լի գնացքի վագոնների և արյունով լցված Եփրատ գետի լուսանկարներ: Կան ժամանակակից ականատեսների վկայություններ լրագրողների կողմից, այդ թվում Նյու Յորք Թայմզի տասնյակ հոդվածներ, որոնցից մեկը հաղորդում էր Օսմանյան առաջնորդ Թալեաթ փաշայի խոսքերն առ այն, որ «Քրիստոնյաները տեղ չունեն Թուրքիայում»:

Կան մեծ թվով ժամանակակից դիվանագիտական հաղորդումներ դեսպանների կողմից` ուղարկված իրենց մայրաքաղաքներ, և այսօր դեռ հասանելի են պետական արխիվներում: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն օրինակ հաստատում էր, որ «ընթանում է ռասայական բնաջնջման արշավ» ընդդեմ հայերի: Նույնիսկ Թուրքիայի դաշնակից Գերմանիայի դեսպանն ասել է, որ կառավարության ղեկավարները ընդունում էին, որ իրենց գործողությունների նպատակը «հայերի լիակատար ոչնչացումն է»: Եվ 1915-ի մայիսին, համատեղ հայտարարությամբ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը դատապարտել են մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի հանցանքները:

Կան նաև օսմանյան օրենքներ, որոնց միջոցով տեղահանվել և ունեզրկվել են հայերը, նրանցից հարկադրաբար վերցվել են տներն ու եկեղեցիները: Մուստաֆա Արիֆը, ով 1917 թվականին օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարն էր, ընդունել է, որ իր նախորդները հայերին բնաջնջելու համար կիրառել են տեղահանման մասին օրենքը: Բացի այդ, 1920 թվականի Սևրի պայմանագրով Թուրքիայի կառավարութունը պարտավորվել է հանձնել ջարդերի համար պատասխանատու անձանց:

Գոյություն ունեն օսմանյան դատարանների վճիռներ, որոնցով նույնպես ոճրագործության հիմնական իրականացնողները մեղադրվել և դատապարտվել են մահվան: Դրանց թվին են պատկանում տրիբունալի կողմից վարչապետ Թալեաթ փաշայի, ինչպես նաև Պատերազմի նախարարի, Նավատորմի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունները: Հայերի կոտորածների համար նրանք դատապարտվել են զանգվածային ջարդերի և ոչ թե ցեղասպանության մեղադրանքով, միայն այն պատճառով, որ ցեղասպանություն բառը դեռ ստեղծված չէր:

Ինչպես նշված է դատարանի համատեղ համընկնող կարծիքում. կան բավարար ապացույցներ, որ հայերի նկատմամբ իրականացվել է հարյուր հազարավոր մարդկանց մահվան և տանջանքների հանգեցնող պետական քաղաքականություն՝ որի հետևանքով, հայերը, որպես առանձին ազգ, հայտնվել են ոչնչացման եզրին:

Այդպիսի ապացույցների առկայությունը բերել է հայկական ցեղասպանության ճանաչմանը տարբեր կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, պետական պաշտոնյաների և ազգային դատարանների կողմից՝ ողջ աշխարհում: Միայն Թուրքիան է պաշտոնապես ժխտել այն: Դա ավելի մանրամասն ներկայացված է Հայաստանի գրավոր դիրքորոշման մեջ:

Այսպիսով մենք նշում ենք, որ Հայաստանը՝ որպես երրորդ կողմ, դիրքորոշում չի ներկայացրել գործի էության վերաբերյալ: Սակայն Հայաստանը բնավ նպատակ չունի առարկել խոսքի ազատության դեմ, առավել ևս Թուրքիայի նպատակը դրա պաշտպաները չէ: Դատարանին իհարկե հայտնի է Թուրքիայում խոսքի ազատության անմխիթար վիճակը. Այս դատարանն ազատ խոսքի իրավունքի խախտումներ է արձանագրել Թուրքիային վերաբերող 224 առանձին գործով: Այսպիսով, չնայած այս գործը վերաբերվում է Թուրքիայի քաղաքացու, Հայաստանը նույնպես շահագրգռված է, որ իր սեփական քաղաքացիները նույնպես չհայտնվեն ազատ խոսքի չափից դուրս քրեականացման ծուղակում:

Պարոն նախագահ, պատմության մեջ առաջին անգամ այս Դատարանը պետք է դիտարկի հայերի դեմ գործած ցեղասպանությունը: Այն վճիռը, որ դուք վերանայում եք, սխալ ուղղությամբ տանող լուրջ քայլ էր. Փերինչեկն ու Թալեաթ փաշա կոմիտեի (խումբ, որին եվրոպական խորհրդարանը մեղադրել ռասիզմի և այլատյացության մեջ) իր գործընկերները ոգևորությամբ են ընդունել ցեղասպանության վերաբերյալ դատարանի գնահատականները, և հաղթականորեն հայտարարել են, որ այս վճռով մեկընդմիշտ լուծվել է հայկական հարցը:

Ցեղասպանության վերաբերյալ ստորին պալատի վճռում առկա եզրահանգումներն անարգում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում զոհվածների հիշատակը և աջակցում են նրանց, ովքեր ժխտելով ցեղասպանությունը հրահրում են ռասայական ատելություն և բռնություն: Հուսով ենք, որ Մեծ պալատը կուղղի այդ սխալը:

Լուսանկարը՝ Փաստինֆո-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել