Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հունվարի 12-ի ՆՀ-2-Ա հրամանագիրը, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի ՆՀ-543-Ա հրամանագիրը՝ հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ՝ Թեկնածուներ) ընտրության նոր մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:
Ի գիտություն հավակնորդների հայտնում ենք նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների հարցերով փորձագետների խորհրդատվական խմբի գործունեության վերաբերյալ զեկույցում ներկայացված դիրքորոշման համաձայն՝ թեկնածուները պետք է ունենան դատավորին բնորոշ լիարժեք ձևավորված հմտություններ և որակներ, որոնք կարող է ձեռք բերվել երկարատև փորձի ընթացքում, և քիչ հավանական է համարվում, որ համեմատաբար երիտասարդ տարիքի թեկնածուները կունենան այդ որակները:
Մրցույթին կարող է մասնակցել 65 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացին, ով.
Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով,
ունի դատավորի պաշտոնում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ, կամ
ունի դատախազի կամ փաստաբանի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ, կամ
ունի մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա փորձ, կամ
առնվազն 5 տարի իրավունք է դասավանդում բարձրագույն ուսումնական հաստատություններում, կամ
ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
ազատ տիրապետում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն):
Մրցույթին չի կարող մասնակցել այն անձը՝
1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
2) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.
3) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
4) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (սահմանված է «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 15-ի N 1184-Ն որոշմամբ).
5) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ Փաստաթղթեր).
1. մրցույթին մասնակցելու հայտ (ըստ սահմանված նմուշի),
2. ինքնակենսագրություն՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով (ըստ սահմանված նմուշի),
3. հայտարարություն՝ մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Եվրոպական դատարանի դատավոր դառնալու
շարժառիթների մասին (ըստ սահմանված նմուշի),
4. անձնագրի պատճեն,
5. բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճանի առկայությունը հաստատող փաստաթուղթ,
6. մասնագիտական գործունեության կամ դասավանդման փորձի առկայությունը հաստատող փաստաթուղթ,
7. Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներին ազատ տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
8. հայտարարություն, որով հավաստվում է, որ հավակնորդը չի դրսևորել որևէ վարքագիծ, որը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ կամ հայտարարություն նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ (ըստ սահմանված նմուշի),
9. հայտարարություն, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետությունում դատավորի պաշտոնում հավակնորդի նշանակմանը խոչընդոտող՝ ՀՀ դատական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների բացակայությունը (ըստ սահմանված նմուշի),
10. հայտարարություն, որով հավակնորդը պատրաստակամություն է հայտնում Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որը անհամատեղելի է նրա անկախության, անաչառության կամ նրա աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ (ըստ սահմանված նմուշի),
11.իրավագիտության ոլորտում մասնագիտական հեղինակություն վայելող անձանց կողմից տրված առնվազն երկու երաշխավորագիր (Հանձնաժողովի անդամը չի կարող տրամադրել երաշխավորագիր),
իր վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ ստանալու մասին համաձայնություն (ըստ սահմանված նմուշի):
Հանձնաժողովի կողմից 02.09.2014 թվականին հայտարարված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի ամփոփման արդյունքներով Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստին (Արձանագրություն N 3) Հանձնաժողովի կողմից գնահատված իննը թեկնածուները՝ հաշվի առնելով Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը անփոփոխ լինելու, վերջիններիս կողմից Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը արդեն իսկ ներկայացված լինելու և դրանց ապացուցողական ուժը կորցրած չլինելու հանգամանքները, մրցույթին մասնակցելու հայտին կից կրկին ներկայացնում են միայն այն փաստաթղթերը և տեղեկությունները, որոնք փաստաթղթերի ներկայացման օրվա դրությամբ կարող են ուժը կորցրած և/կամ փոփոխված լինել:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ համապատասխան հասարակ գրավոր ձևի լիազորագրի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, 13-րդ հարկ), ինչի վերաբերյալ ներկայացնողը ստորագրում է Մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանում և ստանում փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ գրություն, կամ ուղարկվել փոստով (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Միքայել Մինասյանին):
Փաստաթղթերը համարվում են ժամկետում ստացված եթե ներկայացվել են մինչև 2015 թվականի փետրվարի 17-ը, ժամը 18:00-ն կամ փոստային ծառայությունից ստացվել են մինչև 2015 թվականի փետրվարի 17-ը ներառյալ: Փաստաթղթերի ներկայացման, դրանց ստացման, ինչպես նաև հնարավոր թերությունների վերացման հետ կապված հարցերը լուծվում են Կարգով նախատեսված կանոններով:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ Փաստաթղթային ստուգման) փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:
Փաստաթղթային ստուգման փուլում Հանձնաժողովը ստուգում է Փաստաթղթերի լրիվությունը, դրանց համապատասխանությունը սահմանված ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Փաստաթղթային ստուգման փուլում կարող են ստացվել նաև թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Հանձնաժողովի տեղեկացմամբ հավակնորդը կարող է մասնակցել Փաստաթղթային ստուգման փուլին:
Փաստաթղթային ստուգման փուլի արդյունքներով հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը կհրապարակվեն լրացուցիչ՝ Կարգով նախատեսված կանոններին համապատասխան:
Հարցազրույցի նպատակը հարցազրույցի մասնակցի՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու համար անհրաժեշտ անձնական հատկանիշների, մասնագիտական որակների և լեզվական կարողությունների գնահատումն է: Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը երկու ժամ է:
Հարցազրույցը բաղկացած է երեք մասից:
Մանրամասները՝ այստեղ: