Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:
Դատավարությանը իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը շեշտել է, որ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության եւ ատելության: Իր ելույթում Ռոբերթսոնը Թալեաթ փաշային անվանել է թուրքական Հիտլեր:
Ամալ Քլունին էլ անդրադարձել է Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին եւ մարդու իրավունքների խախտումներին: Քլունին նաեւ անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը` շեշտելով, որ այն թուրք ազգայնականների ձեռքի գործն է: Դատավարությունն ուղեկցվում է բողոքի ակցիայով:
Դատարանի դիմաց են հավաքվել հայեր և թուրքեր: Տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ հսկում են մասնակիցներին: Հայկական կողմի աջակիցները հանդես են գալիս «Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է» կոչերով:
Երեւանի ժամանակով 12:15 մեկնարկած դատական առաջին նիստում առաջինը ելույթով հանդես է եկել Դողու Փերինչեքը: Ըստ կանոնակարգի` հաջորդիվ ելույթ են ունեցել Շվեյցարիայի` որպես պատասխանող կողմ, Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները:
Հայկական կողմից հանդես են եկել Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, Հայաստանի շահերը ՄԻԵԴ¬ում ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններից երկուսը` Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը:
2007 թվականի մարտի 9¬ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:
Մանրամասները սկզբնաղբյուրի կայքում:
Լուսանկարը` «Արմենպրես»-ի