Ո՞ր օրինագծերը քննարկվեցին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի են ունեցել նիստեր: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Փաթեթը քննարկելուց հետո հանձնաժողովը որոշել է այն հետաձգել մինչեւ մեկ տարով:

Պատգամավորները քննարկել են նաեւ Արա Բաբլոյանի հեղինակած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը նշել է, որ այն հաստատությունները, որոնք գործունեության ընթացքում աղտոտում են շրջակայքը, կատարում են բնապահպանական վճարներ, որոնք ամրագրված են օրենքով:

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ փետրվարի 2-5-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2015 թվականի փետրվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նշենք, որ օրենքի նախագիծը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների իրավական վիճակի առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները: Քննարկումների արդյունքում հեղինակի առաջարկով օրենսդրական փաթեթի քննարկումը մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը: Կառավարությունը օրինագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կընդգրկվեն փետրվարի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Նույն օրը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ նախագծով հստակեցվում է օտարերկրյա քաղաքացիների` աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը :

Քննարկվել է նաեւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծերն ստացել են դրական եզրակացություն՝ ընդգրկվելու հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ու փետրվարի 2-5-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մանրամասները՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել