ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կողոպուտի փորձ կատարելու մեջ մեղադրվող դատապարտյալ Գրիգոր Վ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում, քանի որ գործի նյութերում առերևույթ առկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանցագործության հատկանիշներ:
Կողոպուտի փորձ կատարելու մեջ մեղադրվող Գրիգոր Վ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գրիգոր Վ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան փողոցում քաղաքացի Եփրաքսյա Թ.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով փորձել է վերջինիս մոտից բացահայտ հափշտակել պայուսակը և բջջային հեռախոսը, սակայն փախուստի դիմելու ժամանակ բռնվել է դեպքի վայրում գտնվող անձանց կողմից և հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Գրիգոր Վ.-ն հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ և իրավունք է ունեցել ՔԿՀ տարածքից դուրս գալ միայն աշխատանքային օրերին` ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դատապարտյալը ոչ աշխատանքային օր է դուրս եկել հիմնարկի տարածքից և կատարել վերոհիշյալ հանցագործությունը:
Բացի դրանից, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դատապարտյալի բջջային հեռախոսները շահագործվել են ՔԿՀ տարածքից դուրս այլ հանգստյան օրերի ևս, մինչդեռ այդ օրերին հիմնարկի պատասխանատու հերթապահների կողմից կատարված ստուգումների արդյունքում խախտումներ և թերություններ չեն հայտնաբերվել:
Գրիգոր Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: