Սուրբ պատարագ՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ

Հունվարի 25-ին Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։
Պատարագին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմը, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներ, ժամկետային զինծառայողներ, կուրսանտներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից:
Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին։ Վեհափառ Հայրապետը ՀՀ զինված ուժերի սպասավորներին մաղթեց նորանոր հաջողություններ և, որ Տերը հաղթական պահի հայ զինվորի բազուկը՝ ի փառս մեր ժողովրդի: Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով ընդգծեց, որ բանակը մեր լուսեղեն ապագայի երաշխիքն է: Դարեդար հայկական եկեղեցին և հայոց բանակը գործել են միահամուռ՝ ուս-ուսի տված, և հենց դրանում էլ կայանում է մեր ազգի հզորությունը:
Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց հոգևորականներին մշտապես բանակի կողքին լինելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շարքային զինվորից մինչև հրամանատար հայրենիքի սահմանները պաշտպանելիս գործում են անձնվիրաբար և այդ անձնազոհության մենք գտնում ենք մեր նորօրյա հերոսներին:

Լուսանկարը՝ mil.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել