Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 16-ին ստորագրած հրամանագրով Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ է վերանշանակել Արմինե Խառատյանին: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը որոշում եմ. Արմինե Խառատյանին նշանակել Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով:»,- ասված է հրամանագրում:
Ստորև ներկայացնում ենք Արմինե Խառատյանի կենսագրությունը.
Ծնվել է 1977թ. դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքում:
Կրթությունը` բարձրագույն, որակավորումը` իրավագետ, մանկավարժ-հոգեբան:
2006թ. ավարտել է ՀՀԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է:
2005-2007թթ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների Երևանի և Մոսկվայի դպրոցները և Ժողովրդավարության ամառային 1-ին և 2-րդ դպրոցները (ԵԽ Ստրասբուրգ, Ֆրանսիա):
1998-1999թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես նախարարի տեղակալի օգնական:
1999-2000թթ. աշխատել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում որպես դատական նիստերի քարտուղար:
2000-2004թթ. աշխատել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ-գլխավոր մասնագետ:
2004-2005թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում` որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2003-2005թթ. դասախոսել է Էկոլոգիայի, տնտեսագիտության և իրավունքի Հայ-ռուսական ինստիտուտում:
2005-2007թթ. եղել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
2004 թվականից «Երիտասարդական խորհրդարան» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահն է:
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Ունի երկրորդ դասի իրավաբանի դասային կոչում և ՀՀ պետական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝մինչև 2009 թվականի հունվարի 15-ը:
2009 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով։
2015 թվականի հունվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է նույն պաշտոնում` ևս 6 տարի լիազորությունների ժամկետով:
Ամուսնացած է , ունի երկու երեխա:
Անկուսակցական է:
Լուսանկարը`www.csc.am-ի