Քաղաքացուն հորդորել են ընդունել իրականում իրեն չպատկանող զգալի չափերի թմրամիջոցն ապօրինի պահելու փաստը

ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Նորետա Է.-ի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների՝ «Կանեփ-Կակաչ 2014» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի առանձին պաշտոնատար անձինք, իրենց կողմից սպասարկվող տարածքում բացասական ցուցանիշներ չունենալու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 2014թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 15:00-ին, բերման ենթարկված Սևադա Հ.-ին համոզել, հորդորել են ընդունել իրականում իրեն չպատկանող զգալի չափերի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ապօրինի պահելու փաստը, որի հետևանքով էական վնաս է պատճառվել ինչպես Սևադա Հ.-ի իրավունքներին, այնպես էլ՝ պետության օրինական շահերին:
Առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու մեջ ենթադրաբար անմեղ Սևադա Հ.-ն ենթարկվել է քրեական պատասխանատվության, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, ապա ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել