ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը քննարկեց Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը

Հունվարի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբեյալ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, գլխավոր դատախազության, ոստիկանության, միգրացիոն պետական ծառայության և հեռուստառադիոյի պետական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, ՀՀ կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը: Պատվիրակության անդամները ներկայացրին իրենց բնագավառներին վերաբերող իրավիճակը, կատարված ու նախատեսված աշխատանքները:

Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանեց ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից բարձրացված գրավոր ու բանավոր հարցերին, ինչպես նաև անդրադարձավ ներկայացված այլընտրանքային զեկույցներում բարձրացված խնդիրներին:

Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի զեկույցի շրջանակներում ելույթ ունեցան 71 երկրների ներկայացուցիչներ: Զեկույցի քննարկմանը կհաջորդի երկրների կողմից ներկայացված առաջարկությունների և զեկույցի ընդունումը:

Նշենք, որ  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի առաջին դիտարկումն իրականացվել է 2010թ.: Զեկույցը ներկայացվում է 4,5 տարի պարբերականությամբ:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել