Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հարկային լրացուցիչ խթաններ կտրամադրվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրով ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպի արագացմանը: Մասնավորապես, բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը առաջարկվում է նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս: «Սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից է, որով մենք փորձում ենք խթանել արտահանումը, – այս առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: – Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն մեր երկրից, ապա դա իրոք և՛ աշխատատեղերի ստեղծում է, և՛ լրացուցիչ եկամուտներ կապահովի մեր պետական բյուջեում»: Հաջորդ որոշմամբ կառավարությունը հրատապ է ճանաչել օրենքի այս նախագիծը:
Նիստում հավանության է արժանացել «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակորեն սահմանվում են հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկերի հաշվարկման հիմքերը և մեթոդները, կատարելագործվում հարկվող օբյեկտների գնահատման և հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմները:
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, երկու տարվա ընթացքում, սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ մեկ տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև այդ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը:
ՀՀ կառավարությունը սահմանել է՝
-արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը,
-ՀՀ կառավարության նախատեսած՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող և պայմանագրային պարտավորությունը չկատարող բուհերի շրջանավարտների կողմից ուսման ծախսի փոխհատուցման կարգը, չափը, ժամկետները,
-հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություն մատուցող անձանց հաշվառման կարգը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը, ՀՀ կառավարության այսօրվա նիստին քննարկման դրվեց պաշտոնանկության և պաշտոնավարության մասին վկայող ՀՀ նախագահի երկու նախագծեր, ինչպես նաև կատարվեց նոր նշանակություն գործադիրի կազմում: