Գևորգ Կոստանյան. ՌԴ գլխավոր դատախազին դիմելու եմ անկախ ամեն ինչից

ԱԺ խորհրդարանական լսումների ընթացքում, այսօր ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պատասխանելով պատգամավորների հարցին, անդրադարձավ ՌԴ Գլխավոր դատախազին դիմելու խոստմանը: Նա ասաց. «Ես այո, խոստացել եմ, որ պետք է դիմեմ, բայց դա ոչ միայն խոստում է, այլ դա իմ պարտականությունն է` ըստ պայմանագրի: Ես իհարկե, պարտավոր եմ դիմել ՌԴ Գլխավոր դատախազին նման պահանջով, որ գործը հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին: Բայց պետք է ասեմ, որ դիմումները ինքնանպատակ չեն, դրանք իրականացվում են համապատասխան փուլում, համապատասխան քննչական աշխատանքների արդյունքում: Երբ որ բավարար հիմքեր լինեն, կլինի նաև դիմումը: Այդուհանդերձ, ՌԴ Գլխավոր դատախազին դիմելու եմ անկախ ամեն ինչից»,- շեշտեց Գլխավոր դատախազը:

Պատգամավորները նաև խնդրեցին տվյալներ տրամադրել գործի վերաբերյալ, մասնավորապես` ասել, երբ է ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովը լքել զորամասն ու ինչ առնչություն ունի սպանվածների հետ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Բոլոր հարցերի պատասխանները մենք ունենք քրեական գործում, այն հանգամանքը, թե ով առաջինը նկատեց Պերմյակովի զորամասը լքելու փաստը, ով հայտնեց, ամեն ինչ կարգավորված է; ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացվել է փոխհամագործակցված միջոցառումներ: Ես չեմ կարող դրանք բարձրաձայն ասել, նկատի ունենալով, որ դրանք դեռևս քննության փուլում են, ես ձեռնպահ կմնամ այդ մասին խոսալ: Ինչ վերաբերում է տուժողի ընտանիք հետ կապվածությանը, այս հանգամանքները ևս քննարկման առարկա պետք է դարձնենք, ասեմ, որ քրեական գործի շրջանակներում ստուգվում են մի շարք վարկածներ: Այս դեպքի առնչությամբ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել: Նշեմ նաև, որ Հայաստանի ամբողջ իրավապահ բլոկը փոխադարձ կապերի մեջ են, միջնորդություններ են ներկայացվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել