«Երբեմն գործում են այդ չգրված օրենքները». Իրավաբան

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է 1998թ. Այս 15-16 տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում մոտ 240-ից ավելի փոփոխություններ են կատարվել, փոխանցեց Քաղաքացիական իրավունքի մասնագետ, իրավագիտության թեկնածու Արսեն Մանուկյանը: Նրա խոսքերով` խնդիրները կապված են եղել ինչպես կառուցապատման, ինքնակամ կառույցների շինարարության, դրանց օրինական ճանաչման գործընթացի, այնպես էլ հողի օգտագործման իրավունքի, բնակարանի օգտագործման, սերվիտուտի և այլն հարցերի հետ:

«Այս պահին Արդարդատության նախարարության հետ միասին մոտ 10-12 աշխատանքային խումբ է աշխատում, որը փորձում է անդրադառնալ ոլորտի խնդիրներին ու հայեցակարգային լուծումներ մշակել ուղղված դրանց վերացնելուն: Նոր քաղաքացիական օրենսգիրք, որպես այդպիսին, չի ընդունվելու, այլ լինելու է ամբողջական փաթեթ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,- նշեց պարոն Մանուկյանը:

Նա տոկոսային հարաբերակցություն անցկացրեց` ցույց տալու համար, թե ո՞ր դաշտում են գերակշռում թերացումները` օրենսդրական, թե իրավակիրառ. «90 տոկոսով օրենսդրության մեջ կարգավորումները տրված են, սակայն այսօր մենք լուրջ խնդիր ունենք դրանց կիրառման, իրականացման հետ: Երբեմն, անգամ չես համարձակվում որևէ առաջարկություն անել, եթե այդ առաջարկն անգամ շատ մտածված լինի, պրակտիկայում այն այնպես կիրականացվի, որ արդյունք չի տա: Խեղաթյուրելու, ի վնաս օգտագործելու միտում կա իրավակիրառ գործընթացում: Ինչպես գրում ես օրենքը, մի բաց գտնում են ու այն օգտագործելով` ոչ հիմնավոր որոշում կայացնում»,- նշեց իրավաբանը: Իր միտքը ամփոփելով` շեշտեց, որ մեծ հաշվով մեր օրենսդրության խնդիրը գալիս է կատարման դաշտից, այսինքն` իրավակիրառողից:
«Մենք ունենք թղթի վրա գրված օրենքներ, սակայն դրան զուգահեռ մի ամբողջ չգրված օրենսդրություն կա, որն էլ գործում է: Եթե Դուք ինձ ասեք` ապացուցի, ես դա չեմ կարող անել, սակայն բոլորս էլ տեղյակ ենք, որ թղթի վրա գրվածը երբեմն չի գործում, այլ երբեմն գործում են այդ չգրված օրենքները»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել