Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել ռուս սպաների և ՀՀ քաղաքացիների միջև ենթադրյալ վիճաբանության վերաբերյալ

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են զետեղել հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին: ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ նշյալ  հրապարակումների կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

«Ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբի կողմից անցկացվող ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ՊՊԾ սպայական ջոկի երկու ծառայողներ նշել են, որ այդ օրը երթուղիում ծառայություն կատարելու ընթացքում Գյումրի քաղաքի Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում նկատել են տեղացիների հետ զրուցող երկու ռուս սպաների: Ոստիկանները մոտեցել են, ներկայացել և հետաքրքրվել, թե չկա՞, արդյոք, որևէ խնդիր: Սպաները և քաղաքացիները հայտնել են, որ ոչ մի խնդիր չկա և չի եղել, իրենք պարզապես զրուցում են: Ոստիկանները սպաներին առաջարկել են ուղեկցել բնակության վայր: Սպաները համաձայնել են, և ոստիկանության աշխատակիցները ծառայողական մեքենայով նրանց ուղեկցել են Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի դաշնային ջոկատ: Վերը նշվածի վերաբերյալ չի զեկուցվել, քանի որ որևէ միջադեպ չի եղել, և կատարվածը կարևորություն չի ներկայացրել»,- հայտարարում է ոստիկանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել