Ի սկզբանե նպատակ է եղել Պերմյակովին վերցնել ՌԴ իրավազորության ներքո, և չհանձնել Հայաստանին. փաստաբան

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային առնչվող իրավական հարցերը կարգավորող համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` Գյումրում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության փաստի առթիվ քննությունը պետք է իրականացներ հայկական կողմը, սա միանշանակ է, այստեղ որևէ քննարկելու բան չկա: Իրավաբան.net կայքի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը համոզված է, որ ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվելուց հետո ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձը` Վալերի Պերմյակովը, պետք է հանձնվեր հայկական կողմին. «Ի՞նչ իրավունք ունեն օտար երկրի ներկայացուցիչները որոշել` ինչ անեն Հայաստանի Հանրապետությունում և ուր տեղափոխեն հայտնաբերված անձին: Տեսեք` ի սկզբանե ռուսական կողմն իր գործողություններով ցույց տվեց, թե ինչ է նա անելու: Եթե իրենք հարուցեին քրեական գործ միայն դասալքության փաստի առթիվ, ըստ համաձայնագրի` դա վերապահված է նրանց, սակայն նախքան Պերմյակովի հայտնաբերվելը, ռուսական կողմը քրեական գործ է հարուցում նաև սպանության փաստի առթիվ, ինչի իրավունքն իրենք բացարձակ չունեին, բացի այդ, ռուսները սկսում են որոնողական աշխատանքներ կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում: Այս երկու հանգամանքները ցույց են տալիս, որ ի սկզբանե նպատակ է եղել Պերմյակովին վերցնել ՌԴ իրավազորության ներքո, և չհանձնել Հայաստանին»,- շեշտեց փաստաբանը:

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն տարածեց` նշելով, որ որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ, սակայն նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին խոսք չկա:

Անդրադառնալով այս հաղորդագրությանը` փաստաբանը նշեց. «Որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում կայացվել է, բայց չեմ կարծում, որ մեղադրանք առաջադրած կլինեն` զուտ հնարավորության բացակայության պատճառով: Մեղադրանք առաջադրելու համար ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձը պետք է ներկայանա, առաջադրի մեղադրանք, բացատրի իրավունքներ, պարտականություններ և այլն, իսկ այդ անձը գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում»,- շեշտեց փաստաբանը:

Եզրահանգելով` փաստաբանն ասաց. «Ի սկզբանե, այս ամբողջ գործընթացը իրավական հարթությունից դուրս է եղել: Այն պահից սկսած, երբ որ ռուսական կողմը հարուցում է քրեական գործ մի փաստի առթիվ, որի առթիվ ինքը քրեական գործ հարուցելու ու քննություն իրականացնելու իրավունք չի ունեցել, այդ պահից սկսած արդեն իրավական հարությունից այս ամեն ինչը գտնվում է դուրս»:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել