Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2014թ-ի դեկտեմբերի 19-ի թիվ ՆՈ-032-Ն որոշմամբ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմը 2015թ. հունվարի 12-ից մինչեւ հունվարի 22-ը իրականացնում է ՀՀ Ազգային ժողովի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
Ազգային ժողովում կարող են հավատարմագվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված 1500 եւ ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի եւ շաբաթաթերթերի, օրական 2000 եւ ավելի այցելու (հավատարմագրման օրվան նախորդող ամսվա այցելությունների միջին ցուցանիշ) ունեցող եւ առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների եւ Երեւան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները (այսուհետ` լրագրող):
Վերոգրյալ պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել ոչ ավելի, քան երկու լրագրող եւ երկու լուսանկարիչ (տեսաձայնագրման օպերատոր):
Հավատարմագրումն իրականացվում է հերթական նստաշրջանների գումարման ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2015 թվականի հունվարի 22-ը: