Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետությունից առաջադրված թեկնածուների ցանկում ընդգրկված երեք թեկնածուները` Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը և Նելիկ Հարությունյանը ստացել են Ստրասբուգում նրանց հետ հարցազրույցի նշանակման մասին վկայող նամակը: Այս մասին տեղեկացնում են Արտաքին գործերի նախարարությունից:
«Ընթացակարգի մաս է կազմում այդ հաստատումը, մինչև պլենար նիստի գնալը, այսինքն` մինչ ԵԽԽՎ-ի կողմից քվեարկությունը, սա դատավորների նշանակման ընթացակարգի մասերից մեկն էր, որևիցե արտառոց բան չկա այստեղ»,- տեղեկացրեց ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Թեկնածուներից Արայիկ Ղազարյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ ԱԳՆ-ից նամակը ստացել է դեկտեմբերի 24-ին. «Ըստ որի` հարցազրույցը նշանակվել է 2015թ. հունվարի 16-ին, բայց միևնույն ժամանակ հավելեմ, որ ես պետք է ստանամ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հրավերքը, որը դեռ չեմ ստացել»,- փոխանցեց պարոն Ղազարյանը:
Հայաստանի դատավորի անունը պարզ կլինի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում: Օրակարգի համաձայն` դատավորի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա հունվարի 28-ին:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին անհամաձայնություն էին հայտնել մի շարք հասարակական կազմակերպություններ ու փաստաբաններ:
«Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մոնիթորինգի էր ենթարկել մրցույթի ընթացքը` հանդես գալով քննադատող հայտարարությամբ:
ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը փոխանցեց, որ հարցազրույցի հրավերքը դեռևս չի նշանակում, որ պաշտոնական Ստրասբուրգը հաստատել է ցուցակը. «Կա խորհրդատվական մարմին, այն առաջինն է դիտարկում թեկնածուների ցուցակը: Այս մարմինը բանակցություններ է վարում պետության հետ ցուցակի վերաբերյալ, ինչպես նաև կարող է դրական կամ բացասական կարծիք տալ: Հարցազրույցի հրավերը կարող է նշանակել, որ անկախ նրանից, թե ինչ կարծիք է տվել խորհրդատվական մարմինը ,մեր պետությունն է այդ ցուցակը պնդում»,- հայտնեց Լուսինե Հակոբյանը:
Գևորգ Թոսունյան