Մեր մոտեցումն է`ով, եթե ոչ մենք. Ա. Երիցյան

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին` վերջինիս առաքելության ավարտի և համատեղ ծրագրերի ամփոփման կապակցությամբ: Դեսպան Հեֆերնին ուղեկցում էին ԱՄՆ պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար Աարոն Քամինգսը, Միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներ` Մերվին Էլիսը և Բելլա Մարգարյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ողջունելով դեսպան Հեֆերնին` նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության և հատկապես` անձնական ներդրման համար: ԱՄՆ-ի հետ համագործակցության համատեքստում նախարարը հատկապես շեշտեց 911 ծառայության գործունեությունը, որն օգնության է հասնում բնակչությանը ինչպես լուրջ արտակարգ իրավիճակներում, այնպես էլ` կենցաղային բնույթի դժվարությունների ժամանակ: «Որևէ զանգ այսօր մեր ուշադրությունից չի վրիպում, օգնում ենք բոլորին. մեր մոտեցումն է`ով, եթե ոչ մենք»,-ընդգծեց Ա. Երիցյանը:  

Հայ-ամերիկյան արտակարգ համագործակցության շրջանակներում հատուկ տեղ է գրավում Գառնիում տեղակայված միջազգային սեյսմիկ «IRIS» դիտակայանը, որի միջոցով, ինչպես նշեց նախարար Երիցյանը, բարձր մակարդակով ընթանում են սեյսմիկ պաշտպանության աշխատանքները:
Իր պատասխան խոսքում` ԱՄՆ-ի դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՏԿԱԻ նախարարին օրվա յուրաքանչյուր ժամին աշխատանքային հարցերը քննարկելու պատրաստակամության և արդյունավետ աշխատանքի համար: «Նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը և դրա աշխատանքներում հաշմանդամների ներգրավվածությունը հիացմունք է առաջացնում մեր միջազգային գործընկերների շրջանում: Ցանկալի է, որպեսզի մյուս նախարարությունները նույնպես կիրառեն այս պրակտիկան»: 
Անդրադառնալով Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորմանը` նախարար Երիցյանը խոսեց նաև տարածքային համագործակցության և համայնքների ապակենտրոնացման ծրագրի մասին: «Մենք ունենք լուծում պահանջող լուրջ և կարևոր հարցեր, աշխատանքային դաշտը շատ մեծ է: Ես նշել եմ, որ այցելելու եմ յուրաքանչյուր գյուղ և համայնք, առանձին-առանձին խոսելու եմ գյուղապետերի հետ»,-ասաց նախարարը` նշելով, որ 5 օրվա ընթացքում հասցրել է աշխատանքային զրույց-քննարկումներ ունենալ տասնյակ գյուղապետերի հետ: Ա. Երիցյանը համայնքների զարգացման հարցում կարևորեց հատկապես միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

Կարևորելով համայնքների ապակենտրոնացման գործընթացը` Ջոն Հեֆերնը շեշտեց, որ նախարար Երիցյանն արդեն վաստակել է միջազգային գործընկերների բացարձակ վստահությունը, և տարածքային կառավարման բնագավառում առկա համագործակցությունը շարունակվելու և զարգանալու է:
Միջազգային զարգացման գործակալության աշխատակից Մերվին Էլիսը նույնպես շեշտեց, որ ԱՄՆ-ի համար կարևոր նպատակներից մեկն է օգնել ՀՀ կառավարությանը` համաչափ զարգացնելու Հայաստանի համայնքները, չսահմանափակվելով միայն Երևանով:
ԱՄՆ պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար Աարոն Քամինգսն, իր հերթին, տեղեկացրեց, որ իրենք իրականացնում են տարբեր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների ուսումնասիրություններ` առաջնային խնդիրները հասկանալու և օժանդակության ծրագրեր մշակելու նպատակով:
Հանդիպման ավարտին Ա. Երիցյանը ՏԿԱԻ նախարարության հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև` հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործընթացում անձնական մեծ ավանդ ունենալու համար դեսպան Հեֆերնին պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել