Կառավարությունը փոփոխություններ կատարեց տաքսի ծառայության ոլորտում

Մարդատար տաքսի ծառայությունների մեքենաների լիցենզավորման նոր կարգի համաձայն` լիցենզավորման գործընթացը կպարզեցվի և կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: Այսօր կառավարության նիստին տաքսի ծառայության ոլորտին առնչվող նախագիծը ներկայացնելիս` հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Մասնավորապես նախագծով նախատեսվում է տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների հնարավորությունը վերապահել նաև ֆիզիկական անձանց: Գործող օրենսդրությամբ այդ գործունեությունը կարող են իրականացնել միայն իրավաբանական անձիք և անհատ ձեռներեցները»,- տեղեկացրեց պարոն Բեգլարյանը` հավելելով, որ նախագծով պետք է հստակեցվի մարդատար տաքսիների տարբերանշանները, ավելացվի գնացուցակի անհրաժեշտության պահանջը: Տաքսու վարորդները կազատվեն նաև դեղին համարանիշներով երթևեկելու պարտավորությունից:

Նա փոխանցեց, որ հանվել է նաև պարտադիր համարվող կայանատեղերի առկայության և վարորդների ամենօրյա բուժզննման ու ավտոմեքենաների տեխնիկական զննության պահանջները. «Որոնք իրականում, պարոն վարչապետ, չէին իրականացվում»,- ասաց նախարարը: Նշյալ նախագիծը կառավարությունը հաստատեց` վերջնական լրամշակման համար տալով 4 օր ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել