Քանի՞ տոկոս գնաճ է գրանցվել. ՏՄՊՊՀ նախագահը հուսադրեց քաղաքացիներին

Վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է շուկայական ապրանքների գների ուսումնասիրություն: Այսօր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց այն:

Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրությունը կատարվել է այն ապրանքների շրջանում, որոնք հայտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, դրանք այն ապրանքների շուկաներն են, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները: Առանձնացվել է թվով 16-17 անուն ապրանքներ. «Խոսքը վերաբերում է կարագին, ձեթին, հավի մսին և ձվին, սուրճին, այլուրին և այլն: Ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Այս ժամանակահատվածում հայկական դրամի փոխարժեքը արժեզրկվել է շուրջ 13 տոկոս` 411-ից հասնելով 463 դրամի, փոխարժեքի արժեզրկումն ուղղակի և անմիջական ազդեցություն ունի ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսեցին բարձրանալ նոյեմբերի 20-ից»,- ասաց պարոն Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահը հավելեց, որ գների բարձրացում է նկատվել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում, հանձնաժողովի ուշադրության տեսադաշտում է գտնվում կաթնամթերքի ոլորտը, փոխարժեքը, ըստ պարոն Շաբոյանի, կարող է ազդեցություն ունենալ նաև այս ոլորտի վրա. «Քանի որ կաթնամթերքի արժեքի մեջ մտնող որոշ բաղադրիչներ ներմուծվում են, բացի այդ ձմռան ամիսներին հանրապետությունում կաթնամթերքի ծավալները կտրուկ նվազում են, և փոխարժեքը կարող է ներմուծված կաթի միջոցով իր ազդեցությունը թողել կաթնամթերքի գների բարձրացման վրա, սակայն սա դեռևս վերջնական դիրքորոշում չէ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Նա չցանկացավ առանձին ապրանքների գնով ներկայացնել գնային փոփոխությունները, սակայն նշեց, որ փոխարժեքի փոփոխությունը համահունչ է գնաճին. «Այն ապրանքատեսակները, որոնց գծով մենք ուսումնասիրություն ենք կատարել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-ից մինչև 12-13 տոկոսի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքը արժեզրկվել է 13 տոկոս: Կարելի է ասել, որ գնային փոփոխությունները համարժեք են փոխարժեքի փոփոխություններին»,- եզրահանգեց պարոն Շաբոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել