Սոցիալական ոլորտը անպայման պետք է ներառել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում: Պնդում են Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
«Մեզ մոտ շահառուներ կան 0 տարեկանից մինչև 100 տարեկան: Առնչվում ենք այդ ոլորտին, կոռուպցիոն ռիսկերն այստեղ առկա են: Շատ լավ կլիներ, որ դա էլ ներառվի»,- փոխանցեց «Տաթևիկ» բարեգործական ՀԿ նախագահ Լուսինե Պետրոսյանը: Նրա խոսքերով` կոռուպցիոն ռիսկեր կան նաև թոշակառուներին ծառայություններ մատուցող մարմիններում:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Ծխանի ծուխ» ՀԿ նախագահ Անուշ Շահինյանի խոսքերով` առաջնային գործողությունները պետք է նպատակուղվեն առավել համակարգված կոռումպացված ոլորտներին. «Դրանք սոցիալական ոլորտն են ու առողջապահությունը»,- նշեց տիկին Շահինյանը:
Նա փոխանցեց, որ իր դիրքորոշումը կապված է 17 տարվա սոցիալական աշխատողի աշխատանքային փորձից. «Երբեք չկարողացանք պայքար մղել այդ կոռումպացված իրավիճակի դեմ, դա սիստեմավորված է, դա գալիս է պետական իշխանությունից: Դրա համար էլ չափազանց կարևոր եմ համարում հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծումը: Գործ ունենք աղքատ բնակչության հետ, մեր անգործությունը հիասթափեցնում է բնակչությանը, ովքեր էլ լքում են երկիրը»,- ասաց ՀԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք` ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շրջանակներում ընտրվել են 4 թիրախային ոլորտներ` առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության ծառայությունների մատուցման ոլորտները: