Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի վերջին օրը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նստավայր: Նախարարն առանձնազրույց է ունեցել արքեպիսկոպոսի հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Աղբյուրը փոխանցում է, որ սրբազանը նախարարին ներկայացրել է Ռուսաստանի հայ համայնք-եկեղեցի կապը, հայապահպանության և հավատի հարցում թեմի իրականացրած աշխատանքները և ապագայի ծրագրերը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Մոսկվայում հայկական թանգարանի և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված թանգարանի ստեղծման կարևորությունը: Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու թանգարանաշինության աշխատանքներին:
Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և օրհնության համար` հավաստիացնելով, որ պատրաստ է նպաստել եկեղեցու կողմից իրականացվող հայանպաստ ցանկացած ծրագրի: