ՀՀ Ֆինանսների նախարարությունում գործում է Քննչական վարչություն: Այս վարչությունը գրանցված է նախարարի տեղակալ Տ․ Բարսեղյանի ապարատում: Փաստաբան Սամվել Ջաղինյանը նշում է, որ օրենսդրությունում չկա ֆինանսների նախարարության քննիչ հասկացողությունը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթկայությունը: Ըստ այդմ` նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի կամ հարկային, ազգային անվտանգության, մաքսային մարմինների, հատուկ քննչական ծառայության քննիչները:
Նշենք նաև, որ քրդատի առաջին հոդվածը շեշտում` «Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով»:
ՀՀ նախագահի 2014թ. ապրիլի 30-ի 97-Ն հրամանագրով վերակազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միանալով ֆինանսների նախարարությանը: Ըստ էության` այս գործընթացի արդյունքում նախկին կոմիտեի քննչական մարմինը ստացել է Ֆիննասների նախարարության քննչական վարչություն տեսքը: Նշում է մեր զրուցակիցը:
«Բայց օրենքով ֆինանսների նախարարության քննիչ չկա: Ըստ էության` քննիչները գործել են պետեկամուտների ներքո, սակայն ապարատների միավորման հետ նրանք տեղափոխվել է ֆինանսների նախարարություն: Հիմա որ վաղը տեղի ունենա ֆիննախի և առողջապահության միավորումը և այս քննիչները տեղափոխվեն առողջապահության նախարարություն, լինելո՞ւ են առողջապահության նախարարության քննիչ»,- փոխանցեց փաստաբան Սամվել Ջաղինյանը, ով առիթ է ունեցել աշխատել այս քննիչների հետ:
Ֆինանսների նախարարությունից խոստացան գրավոր պատասխանել: Հարցումն արդեն ուղղարկված է: