Ազգային ժողովի քառօրյա նիստում

Նոյեմբերի 11-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհված 7 քաղաքացիների հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հայտնել ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին:

Պատգամավորներն առաջին ընթերցումով ընդունել են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ օրենսդրական աշխատանքին են հետեւում Գյումրու Ղեւոնդ Ալիշանի անվան համար 8 միջնակարգ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները: Պատգամավորներն ԱԺ նախագահի առաջարկով ողջունել են նրանց:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են իրենց տեսակետներն արտահայտել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ՝ օրինագծի հիմնավորումը հստակեցման կարիք ունի: Նա անդրադարձել է երկրում տարածքային կառավարման խնդիրներին: Միքայել Մելքումյանն էլ կարծիք է հայտնել, որ նման փոփոխությունները պետք է իրականացվեն ամբողջական հայեցակարգի մեջ, որ լուծումները տեսանելի լինեն: Նա տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու: Արծվիկ Մինասյանը խոսել է փոփոխության նպատակահարմարության վերաբերյալ եւ իր դիտարկումները ներկայացրել: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հիմնավորումն ավելի քաղաքական է, քան իրավական: Նա, կողմ լինելով նախարարությունների օպտիմալացմանը, նշել է, որ ոլորտում բարեփոխումներ են անհրաժեշտ: Հրանտ Բագրատյանը տեղեկացրել է, որ դեմ է քննարկվող օրենսդրական նախաձեռնությանը եւ անդրադարձել է տարածքային կառավարման ոլորտի խնդիրներին:

ՀԱԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանը կարծիք է հայտնել, որ նախարարությունների միավորմանն իրենք կողմ են, իսկ նոր նախարարության ստեղծման մասով գործառույթների հստակեցման կարիք կա: ՀԱԿ-ը առաջարկվող փոփոխությանը ձեռնպահ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն անդրադարձել են պատգամավորների ելույթներին ու հարցադրումներին, ոլորտի կառավարման առանձնահատկություններին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենքի նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը սկսել է քննարկել «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է 2015 թ.-ի պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը: Նշվել է, որ նախագծի հիմքում դրվել են խորհրդարանի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի, ինչպես նաեւ կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական եւ 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: 2015 թ. կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը՝ ապահովելով կայուն տնտեսական աճ: ՀՆԱ-ի իրական աճը ծրագրավորված է 4.1 տոկոս: 2015 թ. դոլարային արտահայտությամբ ապրանքների ներմուծման աճը ծրագրավորվել է 3.7 տոկոս, իսկ արտահանմանը՝ 5.2 տոկոս: Արդյունքում՝ 2015 թ. ապրանքների ներմուծումը եւ արտահանումը կկազմեն համապատասխանաբար 3 մլրդ 974 մլն ԱՄՆ դոլար եւ 1 մլրդ 768 մլն ԱՄՆ դոլար: Ապրանքների եւ ծառայությունների ներմուծում-ՀՆԱ եւ ապրանքների ծառայությունների արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 45.3 տոկոս եւ 25.8 տոկոս: Նախագծով նախատեսվել է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտներ: Հիմք ընդունելով ՀՀ 2015 թ. պետական բյուջեի եկամուտների կանխատեսված մակարդակը եւ ելնելով դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորություններից` կառավարությունը ծրագրում է 2015 թ. ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամի չափով: Նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարը սահմանել 114.1 մլրդ դրամի չափով: Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 95.5 տոկոս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել