Այսօր բլոգեր Ավթանդիլ Ավետիսյանը անդրադարձել էր Ճանապարհային ոստիկանության տեսուչների գործողություններին` գրելով.
«Մի քանի ժամ առաջ Իջևանից-Երևան տանող ճանապարհին ՃՈ աշխատակիցները պահանջեցին որպեսզի արգելակեմ և դադարեցնեմ մեքենայիս ընթացքը: Ոստիկանները պնդում էին, որ գերազանցել էի սահմանված արագությունը: Նման դեպքերում արագության գերազանցումն արձանագրվում է տեխնիկական սարքով, իսկ նման կարևոր սարքերը, որոնք օգտագործվում են իրավախախտում հիմնավորելու համար, պետք է ունենան համապատասխան վկայական: Ոստիկաններին խնդրեցի ինձ տրամադրել արգաչափ սարքի վկայականը և, ինչպես տեսնում եք, նկարի մեջ վկայականի տրամադրման և ուժի մեջ լինելու ժամկետները փոփոխված են դպրոցում օգտագործվող ԾԵՓՈՆ-ով (ЗАМАСКА):
Երևի ոստիկանները մտածում են, թե հայ վարորդը նման հեգնանքը, ցինիզմը, ապօրինությունը հանդուրժելու են, և դրա համար ոստիկանները չեն պատժվելու»:
Այս գրառուման առնչությամբ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր համացանցում տեղեկատվություն է հրապարակվել («Հերիք է հանդուրժել ճանապարհային ոստիկանների ապօրինությունները»), որի հեղինակն իր անհամաձայնությունն է հայտնում Իջևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհային ոստիկանության ծառայողների արձանագրած խախտման, ինչպես նաև իր խնդրանքով իրեն ներկայացված արգաչափ սարքի վկայականում, իր կարծիքով, կատարված փոփոխության առնչությամբ:
Հայտնում ենք, որ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով կատարվում է ուսումնասիրություն»: