ՀՀ ԱԺ պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է բոլոր Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների աշխատանքներին

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Մհեր Շահգելդյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը նոյեմբերի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են նոյեմբերի 4-6-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի 4 մշտական հանձնաժողովների հերթական նիստերի աշխատանքների արդյունքներին:

Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ քաղաքական հարցերի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում մասնավորապես քննարկվել են 2014-2020 թթ. Եվրոպական հարեւանության քաղաքականության գործիքները եւ դրանց կիրառումը Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ պետությունների համար, տնտեսական հարցերի եւ Եվրամիության հետ մոտարկման քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` կոմունիկացիոն խնդիրները Արեւելյան գործընկերության անդամ պետությունների միջեւ, էներգետիկ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում՝ նորացվող էլեկտրաէներգիայի եւ այլընտրանքային էներգիայի որոնման հնարավորությունների վերաբերյալ եւ սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստում` մշակութային եւ միջմշակութային երկխոսությանն առնչվող խնդիրների մասին զեկույցներ: ՀՀ ԱԺ պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է բոլոր հանձնաժողովների աշխատանքներին:

Արտակ Զաքարյանը նկատել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը, հաշվի առնելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, փորձել է Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության համար նոր խոչընդոտներ ստեղծել: Սակայն դա ադրբեջանցիներին չի հաջողվել, քանի որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ադրբեջանցիներին հորդորել են Եվրանեսթի օրակարգը չծանրաբեռնել կառույցի իրավասություններին չառնչվող հարցերով:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Մհեր Շահգելդյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը խոսել են զեկույցների վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացրած դիտարկումների եւ առաջարկների մասին: Մասնավորապես մշակութային եւ միջմշակութային երկխոսությանն առնչվող խնդիրների մասին զեկույցի ժամանակ հայկական կողմն առաջարկել է ընդլայնել մշակութային արժեքների պաշտպանության դաշտը եւ խոսել մշակութային ժառանգության անվտանգության ապահովման վերաբերյալ, ինչն ստացել է պատվիրակների դրական արձագանքը:

Զեկույցները կհաստատվեն հանձնաժողովների հաջորդ նիստերում, որոնք տեղի կունենան Հայաստանում:

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել