Դեռևս ամբողջովին չեն ձերբազատվել արդարադատության համակարգում ԽՍՀՄ ժառանգությունից և կան խնդիրներ

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես  Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը  աշխատանքային այցով նոյեմբերի 8-ին գտնվում էր Վրաստանի Հանրապետությունում:  Այցի ընթացքում  եղել են հանդիպումներ, քննարկումներ Վրաստանի  մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:  Նոյեմբերի 8-ին Նախարարը հանդիպել է Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին: Հանդիպման առաջին հատվածում քննարկվել են երկու երկրների իրավական համակարգերին առնչվող  հարցեր: Կողմերն անդրադարձել  են  պրոբացիայի ինստիտուտի գործունեության վրացական փորձին:  ՀՀ արդարադատության նախարարը, կարևորելով հանդիպումը, նշել է, որ ծանոթ է պրոբացիոն համակարգում  վրացական կողմի իրականացրած աշխատանքների արդյունավետությանը՝ ասելով, որ այդ ուղղությամբ ակնկալում է մանրամասն քննարկում, քանի որ Հայաստանը նոր է պատրաստվում ներդնել պրոբացիոն ծառայության  ինստիտուտը:  Երկուստեք փաստել են, որ երկու երկիրն էլ դեռևս ամբողջովին չեն ձերբազատվել   արդարադատության համակարգում  ԽՍՀՄ ժառանգությունից և կան խնդիրներ, որոնք արմատական լուծում են պահանջում: Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարարը, ներկայացնելով պրոբացիոն համակարգում իրականցված  աշխատանքները, նշել է, որ 2014 թվականի սեպտեմբերին պատրաստել են համակարգի բարեփոխումների փաթեթ, որի ներդրմամբ պրոբացիոն ծառայությունը առավել ճկուն կդառնա:  Նա վստահեցրել է, որ կհասնեն արդյունքի: 

Գեորգի Մգեբրիշվիլին շեշտել է, որ իրենց աշխատանքի առաջնահերթությունը մարդու իրավունքների ապահովումն է, որի վրա էլ հիմնականում կենտրոնացրել են բարեփոխումները:  ՀՀ արդարադատության նախարարը ներկաներին ասել է, որ հետաքրքրված է պրոբացիոն համակարգի վրացական տարբերակով՝ նշելով, որ չնայած վրացական համակարգի հիմքում եվրոպական լավագույն փորձն է, այնուամենայնիվ, վստահ է, որ գործընկերներին հաջողվել է տեղայնացնել և սեփականը դարձնել ծառայությունը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միջազգային փորձի մեխանիկական ընդօրինակումը հաճախ ցանկալի արդյունքի չի հանգեցնում: Հովհաննես Մանուկյանը կարևորել է հանդիպման բաց քննարկման ձևաչափը, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին ազատ ներկայացնել իր երկրի փորձը, վեր հանել սխալները՝ բացառելով դրանց հետագա կրկնությունը:  Նախարարը նշել է, որ պրոբացիոն համակարգի ներդրմամբ պետք է ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդկանց հետագայում հասարակություն վերաինտեգրվելու հնարավորություն ընձեռվի:

Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներն իրենց գործընկերների հետ առավել  մանրամասն  անդրադարձել  են ՀՀ պրոբացիոն հայեցակարգի նախագծին, քննարկել են Վրաստանի պատժի կատարման համակարգի բարեփոխումները: Հայկական կողմը հետաքրքրվել է  գործընկերների պրոբացիոն ծառայության  մեթոդական և կառուցվածքային առանձնահատկություններով: Մանրամասն քննարկվել են Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարարության  քաղաքացիական և հատուկ-քրեակատարողական  ծառայությունների դերն  ու  աշխատանքների բաշխման  հստակությունը:  Քննարկման ավարտին  ՀՀ արդարադատության նախարարը  առավել ծավալուն աշխատանքային հանդիպումներ անցկացնելու նպատակով գործընկերոջը հրավիրել է Հայաստան.  հրավերն ընդունվել է:

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է նաև Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին:  Գլխավոր դատախազին փոխանցելով հայաստանյան գործընկերոջ ողջույնը՝ ՀՀ արդարադատության նախարարը  շեշտել է հանցագործության դեմ պայքարի գործում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը:  Հովհաննես Մանուկյանը հետաքրքրվել է  Վրաստանի գլխավոր դատախազության՝ արդարադատության  նախարարության  պատկանելիության  կարգավիճակով: Գեորգի Բադաշվիլիին տեղեկացրել է, որ արդարադատության նախարարությունն իրականացնում է գլխավոր դատախազության միայն կազմակերպա-ֆինանսական հարցերը:   Վրաստանի գլխավոր դատախազը նախարարի ուշադրությունն է հրավիրել երկու երկրների միջև ձևավորված աշխատանքային առողջ և արդյունավետ համակգործակցությանը՝ շեշտելով, որ մեր երկրների միջև հանցավորության դեմ պայքարի հարցում   չկան չլուծված խնդիրներ և, որպես կանոն, իրավական հարցերը լուծվում են անհապաղ, առանց  անհարկի ձգձգումների:  ՀՀ արդարադատության նախարարը շեշտել է, որ երկու երկիրն էլ իրավական ինֆորմացիայի փոխանակման հարցում դեռևս անելիքներ ունեն, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ վրիպումները կարող են անցանկալի հետևանքներ ունենալ՝ հարևանի խնդիրը վերածվելով  սեփականի:   

Վրաստանի գլխավոր դատախազը կարևորել է, որ մեր երկրների քաղաքացիների կատարած հանցագործությունների պարագայում թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը արդյունավետ համագործակցում են իրավական փոխօգնության ոլորտում:  Կողմերը խոսել են նաև դատաիրավական բարեփոխումներից: ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դատաիրավական հատվածին: Այս համատեքստում փոխանակվել են մասնագիտական կարծիքներ: Վրաստանի գլխավոր դատախազը նշել է, որ դատախազությունը բարձրացրել է ապացույցների ստանդարտների նշաձողը և արդեն իսկ նկատելի են դրական արդյունքներ:  Մասնավորապես՝  գլխավոր դատախազը ներկայացրել է, որ եթե 2012-ին դատապարտյալների և ձերբակալվածների ընդհանուր թիվը 27 հազար էր, ապա այժմ այն չի գերազանցում 7 հազարը:  Նա նշել է, որ դա պայմանավորված է քրեական օրենսդրության առավել ազատականացմամբ, ինչը հնարավորություն է տալիս բացառել դեպքերի կրկնությունները:  Կողմերն անդրադարձել են նաև պատժի կատարման օրինականության նկատմամբ  դատախազական   հսկողությանը: Վրացական կողմը նշել է, որ շուրջ 6 տարի  դատախազությունը  պատժի կատարման օրինականության նկատմամբ հսկողություն չի իրականացնում և  դատավճռի հրապարակման պահից դատախազի գործառույթներն ավարտվում են:  Անդրադառնալով համակարգի բազմամյա աշխատակիցների վերապատրաստմանը՝ գլխավոր դատախազը շեշտել է, որ հատուկ  ուղեցույցներ են մշակվել քննչական մարմինների  բազմափորձ ծառայողների համար:   Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Գլխավոր դատախազի հետ առաջին հանդիպումը ունենալու է իր  շարունակությունը ՝ ևս մեկ անգամ կարևորելով համագործակցությունն ու փորձի փոխանակման  արդյունավետությունը:  ՀՀ արդարադատության նախարարի հաջորդ հանդիպումը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիյայի հետ էր: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տեղական իշխանությունների հետ Վրաստանի հայ համայնքի համագործակցությանը և  տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրենսդրական կարգավորումներին:

Լուսանկարը՝ moj.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել