ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարով:

Օրակարգի երկրորդ` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանը հիմնավորել է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը` նշելով, որ այն պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցած եւ բարձրագույն կրթություն ունեցող անձանց որոշակի արտոնություն տալու հետ: Նախագծով առաջարկվում է, որ առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու նպատակով թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել նաեւ պարտադիր զինվորական ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող անձը, որի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհամարվի պետական կառավարման ոլորտի ստաժ` այդ կերպ չսահմանափակելով նրանց` թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին համապատասխան ստաժ ունեցող քաղաքացիների հետ հավասարապես մասնակցելու հնարավորությունը: Ըստ նրա՝ սա նաեւ յուրատեսակ խթան կլինի պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելու համար:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովի որոշմամբ առաջիկայում կանցկացվեն խորհրդարանական լսումներ:

Նույն օրը գումարվել է ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: Հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված օրենքի նախագծին՝ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Նույն օրը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Փաթեթով առաջարկվում է կենսաթոշակի յուրաքանչյուր տեսակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ: 2015թ-ի ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակների չափերը բարձրացնել 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ մյուս կենսաթոշակների չափերը՝ 2015 թ-ի հուլիսի 1-ից:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ օրենքի նախագծով նախատեսվում է 2015թ.-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 55.000 դրամ:

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկվել է հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի եւ 2016 թվականից սկսած ՝այն վճարել նաեւ չաշխատող կանանց՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի 140-օրյա ժամանակահատվածի համար: Նա նշել է, որ առաջարկվում է պահպանել հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը՝ հաշվարկելու համար հիմք ընդունելով միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով, որը կազմում է 1մլն դրամ:

Բարձր եկամուտներ ունեցողների համար եւս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով, սահմանվում է, որ մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակվելու է գործատուների կնքած կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրով:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ներկայացվող օրենքի նախագծով սկսած 2016 թվականից ՝ հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար սոցիալական աջակցություն կտրամադրվ 30.000 չաշխատող կանանց : Պահպանելով 100 տոկոսանոց փոխհատուցումը աշխատող կանանց՝ կներդրվեն տնտեսական խթաններ հնարավոր չարաշահումները կանխարգելելու համար:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստին անդրադառնալով ՝ Արտեմ Ասատրյանը նշել է , որ այն հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից: Սահմանվում է նաեւ, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք է ընդունվելու միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով:

Մանրամասները՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել