Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար հանձնախմբի ամենամյա երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին Եվրոպական միության 6 անդամ պետությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ինչպես նաև ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) գլխավոր տնօրեն պրն Յանիկ Էմբերը, Միգրացիոն պետական ծառայության պետ պրն Գագիկ Եգանյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ պրն Խոսե Մարիա Մեդինա Նավարրոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքից:
Ղեկավար հանձնախմբի ամենամյա երկրորդ հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի իրականացման երկրորդ տարվա զարգացումները և քննարկել 2015թ.-ի ընդհանուր ռազմավարությունը: Ինչպես նշեց պրն Էմբերը, հանդիպումը լավ առիթ էր խոսելու ծրագրի ձեռքբերումների մասին և անդրադառնալ հետագա համագործակցության հնարավորություններին և կոնկրետ գործողություններին: Պրն Եգանյանը խոսեց ծրագրի մինչ այժմ արձանագրած հիմնական արդյունքների մասին, այդ թվում՝ Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի հիմնումը, վերաինտեգրման հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող «Տունդարձ» և դեպի Հայաստան դրամական փոխանցումների կայքերի ստեղծումը:
Ի լրումն, հանդիպման ընթացքում ծրագրի 3 գործընկերները մասնակիցներին հակիրճ ներկայացրեցին ծրագրի հետ իրենց համագործակցությունը: Մասնավորապես, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչը խոսեց սկսնակ գործարարներին տրամադրվող աջակցության մասին, ԱԼՏԵՌԱ-ի և «Սահման» ՀԿ-ի ներկայացուցիչները խոսեցին «Միգրացիայի կողմնացույց» հանրային իրազեկման արշավի և փոքր ջերմոցների կառուցման փոքր նախագծի մասին համապատասխանաբար:
Բացի այդ, հանդիպման օրը՝ ավելի վաղ, Եվրոպական միության անդամ պետությունների փորձագետները հնարավորություն ունեցան այցելել Վերաինտեգրման ուղղորդման կենտրոն և ծանոթանալ կենտրոնի կողմից առաջարկվող ծառայություններին:
Լուսանկարը՝ smsmta.am-ի: