Նոտարական համակարգում օրենսդրական նոր լուծումների նպաստավոր քննարկում հայ և գերմանացի նոտարների մասնակցությամբ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 20-24-ը եղել է Բեռլինում:  Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Հայկ Հարությունյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը, աշխատակազմի ղեկավար Արման Օհանյանը, նոտարներ Մարինա Մանուկյանը, Աիդա Աբրահամյանը, Աննա Թովմասյանը, Ալբերտ Եգանյանը, ՀՀ արդարադատության նախարարության և GIZ-ի աշխատակիցներ:  Պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոտարական համակարգի  մի շարք ներկայացուցիչներին, ինչպես գործող  նոտարներ Դոմինիկ Հուրենի, Բրոս Փրոբի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի նոտարական համակարգերի օրենսդրական կարգավորումներն ու առանձնահատկությունները,  Գերմանիայի նոտարական համակարգի կառուցվածքն ու գործառույթները, ոլորտին առնչվող այլ խնդիրները:  Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են նաև Գերմանիայի Առաջին ատյանի դատարանի նախագահին, ծանոթացել դատարանի գործառույթներին: Հանդիպմանը ներկա Առևտրային և հողային ռեգիստրի աշխատակիցները ներկայացրել են դիմումների ընդունման և վարման կարգն ու արխիվացման գործընթացը:  Աշխատանքայի հանդիպումները կարևորվել են հատկապես Հայաստանի և Գերմանիայի օրենսդրական նմանությունների և յուրահատկությունների առումով, ինչպես նաև տեղում փորձի փոխանակման հնարավորության և գործնականում առաջացող նույնատիպ  խնդիրների քննարկման տեսանկյունից:  Ներկայում ՀՀ նոտարական համակարգը օրենսդրական բարեփոխումների փուլում է և այս աշխատանքային այցը նպաստավոր էր նաև օրենսդրական նոր լուծումներ քննարկելու համար: Տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

Լուսանկարը՝ moj.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել