Ցմահ դատապարտյալը դադարեցրել է հացադուլը

Երեկ ժամը 16:30-ին հացադուլը դադարեցրել է ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Հիշեցնենք՝ դատապարտյալը հացադուլ էր սկսել հոկտեմբերի 17-ին` իր քրեական գործը վերաբացելու պահանջով:

Հոկտեմբերի 20-ին նույն պահանջով ՀՀ դատախազության դիմաց ակցիա էին իրականացրել նաև դատապարտյալի հարազատները: Հավելենք նաև, որ Արեն Չատինյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման 2008 թվականին: Նա եղել է 21 տարեկան, սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում: Դատապարտվել է տաքսու վարորդի և ոստիկանի սպանության համար: Երիտասարդն առ այսօր իրեն մեղավոր չի ճանաչում: Արեն Չատինյանի գործն անցել է բոլոր ատյաններով, հասել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և մերժվել է անհիմն համարվելու պատճառաբանությամբ:

Գոռ Ղլեչյանը հաղորդեց, որ և՛ հացադուլ հայտարարելու դիմում, և հացադուլից դուրս գալով Ա.Չատինյանը չի պատճառաբանել իր արարքը, թեև նրա հարազատները պնդում են, թե հենց իր քրեական գործը վերաբացելու պահանջով է դատապարտյալը գնացել այդ քայլին: Պարոն Ղլեչյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին ցմահ դատապարտյալների շրջանում հացադուլավորներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել