Տվյալ երկրի ցանկացած անձի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերից մեկն էլ հանդիսանում է տվյալ երկրի տրանսպորտային համակարգի նորմալ և անվտանգ գործունեությունը: Տրանսպորտային համակարգը և մասնավորապես ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպումը առանցքային կարևորություն են ներկայացնում այնքանով, որ առնչվում են բնակչության ամենաստվար զանգվածին և կրում են պարբերական բնույթ:
Ինձ համար, որպես այս պետության սրտացավ քաղաքացու, հետաքրքրում են մի շարք հարցեր, որոնք առանցքային նշանակություն են ներկայացնում ուղևորատար տրանսպորտից օգտվողների և հնարավոր օգտվողների համար: Դրանք են` անվտանգ են արդյոք ուղևորատար փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, համապատասխանում են արդյոք դրանք օրենսդրության պահանջներին, ինչպիսի քաղաքականություն է իրականացնում նշված բնագավառում պետական լիազորված մարմինը, ինչպիսի լիազորություններով է օժտված նա, նշված ոլորտում իրականացվում են արդյոք դիտարկումներ (մոնիտորինգ), ինչ հաճախականությամբ, ինչ արդյունքների են հանգեցնում դրանք և այլն:
Տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը օրենսդրական առումով պարտավորված է իրականացնել մի շարք խնդիրներ, որոնք առանցքային կարևորություն ունեն: Մասնավորապես, վերջինս կոչված է ապահովելու տրանսպորտի շահագործման տեխնիկական նորմերի և ստանդարտների մշակումը, տրանսպորտի բոլոր տեսակների համար պետական ծրագրերի և հայեցակարգերի մշակումը, տեխնիկական քաղաքականության մշակումը և իրագործումը, ուսուցումը և կադրերի որակավորման բարձրացումը, տեղեկատվության համակարգումը, վերլուծությունը և կանխատեսումը, ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպում, տրանսպորտի բոլոր տեսակների գործունեությունը կարգավորող նորմատիվ և տեխնիկական ակտերի մշակում և հաստատում, ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում և այլն:
Հարկ եմ համարում նշել, որ նշված խնդիրներից մեծ մասը կամ ընդհանրապես չի իրականացվում, կամ իրականացվում է ոչ բավարար մակարդակով և նշված խնդիրների իրականացման մասով լիովին բացակայում է հանրության իրազեկվածությունը: Թե իրավական և թե գործնական առումով իսպառ բացակայում է տրանսպորտի բոլոր տեսակների համար պետական ծրագրերը և հայեցակարգերը, ավելին, չնայած օրենսդրությամբ այդ խնդրի պարտադիր իրականացման պահանջին, մինչ այժմ չի մշակվել և չի իրականացվում համալիր ծրագիր և հայեցակարգ տրանսպորտային համակարգի բարեփոխման և զարգացման ուղղությամբ:
Ուղևորը, հանդիսանալով միևնույն ժամանակ սպառող, զրկված է իր իրավունքների պաշտպանության անգամ տարրական հնարավորություններից: Մասնավորապես վերջինս զրկված է իր իրավունքների արտադատական պաշտպանության հնարավորություններից, անգամ նրան հասանելի չէ թեկուզև իրավունքների պաշտպանության ամենատարրական էլեմենտը` թեժ գծի հեռախոսահամարը, որով նա կարող է զանգահարել և հայտնել իր բողոքները, դիտղությունները կամ առաջարկները` տրանսպորտային միջոցներում այդպիսիք լինելու բացակայության պատճառով: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև այն հարցը, թե ինչ կարգով է իրականացվում առանձին երթուղիների տրամադրումը, ինչ չափանիշներով, իրականացվում է արդյոք հետևողական վերահսկողություն լիցենզիայի պահանջների նկատմամբ: Այս անտեղյակությունը ևս արդյունք է ոլորտի պատասխանատուների կամայականությունների և նրանց գործունեությունում կոռուպցիոն ռիսկերի առկայության: Հանրությանը (ժողովրդին) չիրազեկելով իր կողմից իրակացվելիք միջոցառումների և ընդհանրապես իրականացվող քաղաքականության մասին, հերթական անգամ դրսևրվում է իշխանազանցություն և չարաշահում` զրկելով իշխանության կրողին` ժողովրդին, իր իշխանության իրականացման եղանակները որոշելու, գործընթացների նկատմամբ վերահսկողություն դրսորելու և հաշվետվություն ստանալու իրավունքից: Այսինքն հերթական անգամ մոռացության է մատնվում իրավական և օրենսդրական անխախտ և պարզ ճշմարտությունը. «Իշխանությունը պատկանում է ժողովրդին և առանձին պետական մարմինները և պաշտոնատար անձինք ընդամենը հանդիսանում են այդ իշխանության որոշակի մասի կամ որոշակի գործառույթների իրականացնողներ»:
Մի քանի տարի առաջ սահմանվեց, որ ուղևորափոխադրում իրականացնող երթուղային տաքսիներին չի թույլատրվում սահմանված թվաքանակից ավել ուղևորների փոխադրումը և որոշ ժամանակ հետևողականորեն իրականացվում էր նշված քաղաքականությունը, սակայն դա շատ կարճ տևեց և շատ շուտ մոռացվեց …… Սակայն մի՞թե կարելի է մի քանի հարյուր դրամ ավել դրամ ստանալու և օրվա գումարը վաստակելու պատճառաբանությունները գերադասել մարդկային կյանքի անվտանգությունից և նրա իրավունքների և արժանապատվության պաշտպանությունից, որոնք Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` հանդիսանում են բարձրագույն արժեքներ: Իսկ պատաասխանը մեկն է, դա որևէ պարագայում թույլատրելի չէ ………… Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչպես պետք է բացատրել բարձրագույն պաշտոնատար անձանց, ՀՀ կառավարության և տրանսպորտի ոլորտում պետական լիազոր մարմնի ցուցաբերած անգործությունը …. Ինձ համար պատասխանը մեկն է և դա չի հանգում վերջիններիս կողմից խնդրից անտեղյակ լինելուն ……
Յուրաքանչյուր խնդրի լուծման կարևորագույն եղանակներից մեկը հանդիսանում է առկա խնդիրների բարձրաձայնումը և իրավունքների հետևողական պաշտպանությունը: Վաղուց ժամանակն է որ ոլորտի համար պատասխանատու պաշտոնատար անձինք, որոնք շրջում են հարմարավետ և շքեղ անձնական ավտոմեքենաներով, սթափվեն և փորձեն իրականացնեն հետևողական քայլեր գոնե փոքր ինչ բարելավելու տրանսպորտային համակարգի «անմխիթար» վիճակը` հանրությանը պարբերաբար իրազեկելով ոլորտի վերաբերյալ ընդունված ծրագրերի, հեռանկարների մասին և պարբերաբար ներկայացնելով հաշվետվություններ:
Հետևությունը մեկն է. <<Վաղուց ժամանակն է ձերբազատվելու հետևյալ արատավոր և հակաժողովրդական սզբունքից . «Դա ինձ չի վերաբերում և քանի դեռ չեն բարձրաձայնում և բողոքում, կարող եմ չանհանգստանալ ………»: