…И уже плевал я с Эйфелевой башни
На головы беспечных парижан!
Սովետական մեծ դերասանի, գրողի և երգչի 1975-1978թ. գրված բանաստեղծության այս տողերը շատ արդիական են դարձել մերօրյա Երևանի համար:
Կարծում եմ ինքնին երևույթը` բարձր տեղում գտնվելու հանգամանքից օգտվելով «անհանգստություն» պատճառել ներքևում անհոգ քայլող անցորդներին փոքր տարիքում շատերին է այցելել, և ոմանք նաև ձեռնարկել են նման փորձեր` տարբեր աստիճանի «հաջողությամբ»…
Մեծ տարիքում նման վարքագիծ դրսևորողին կարծում եմ ամենաճիշտը կլինի մեղադրել անքաղաքավարության մեջ: Քաղաքավարության պակասն էլ գալիս է վատ դաստիարակությունից, ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից…
Քայլելով Երևանի փողոցներով` մասնավորապես Փոքր Կենտրոնի տարածքով, բազմաթիվ անգամներ զգացած կլինեք Ձեզ վրա այդ տհաճ` դաստիարակության պակասի արդյունքում ծնված անքաղաքավարության դրսևորումը` վերևից Ձեզ վրա ընկնող ջրի կաթիլի խոնավաությունը: Այսպիսի իրավիճակում հայտնվելիս ենթագիտակցությունը նկարում է մանկության հիշողությունից մնացած ամենաանցանկալի տեսարաններ, իսկ գիտակցությունը ստիպում է նայել վերև և… Ամեն ինչ «պարկեշտության» սահմաններում է` ընդամենը կաթում է oդակարգավորիչը (կոնդիցիոներ):
Իսկ հիմա նորից վերադառնանք քաղաքավարությանը: Ինչո՞վ է օդակարգավորչի վերևից կաթալու չընդհատվող գործընթացը տարբերվում երեխայի չարաճճի պահվածքից կամ հասուն մարդու անքաղաքավարությունից:
Օդակարգավորչի կաթալու դեմ կա շատ ազդեցիկ միջոց` խողովակ: Սակայն նույնիսկ պետական մարմինները, բարձրակարգ խանութները, ռեստորանները և հայտնի գրասենյակները այդպիսի «չնչին» հարցի լուծում չեն կարողանում, իսկ ավելի ճիշտ կլինի ասել չեն ուզում տալ, էլ ուր մնաց մեր «շարքային» քաղաքացիները: Այսպիսի համընդհանուր անքաղաքավարության դրսևորում: Այս խնդրին լուծում տալու համատարած ցանկության բացակայության պարագայում միակ տարբերակը լինելու է օրենսդրական կարգավորումը: Շատ զավեշտալի է…
Ինչպես առևտրում են ասում պահանջարկը առաջացնում է առաջարկ: Ունենք խնդիր` պետք է տրվի լուծում:
Սովետական պետությունից որպես ժառանգություն մնացած վերաբերմունքը մարդու նկատմամբ` խորացված կրթական համակարգի թույլ տված բազմաթիվ բացթողումներով, բերում է նրան, որ նույնիսկ այս հարցը պետք է կարգավորվի օրենսդրորեն:
Հուսով եմ պատիժը կլինի խիստ և միտված ուղղելու վատ դաստիարակության արդյունքում առաջացած բացերը: Այս դեպքում չարաճճի երեխային պատժելու մեթոդը լավագույնն է… Գրպանի փողից զրկելը, իսկ այստեղ նկարագրված դեպքում` տուգանելը:
Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիների մեջ քաղաքավարություն սերմանելու համար հաճախ է օգտագոծում քաղաքակիրթ աշխարհում այդքան սիրված «գրպանին խփելու» մեթոդը, պետք է նշել, որ ժամանակ առ ժամանակ շատ զավեշտալի է ստացվում (օրինակ, ամրագոտիների պատմությունը` նայեք վարորդների (ավտոբուսների, միկրոավտոբուսների, տաքսիների) «գցաց» ամրագոտիներին և ամեն ինչ պարզ կդառնա), բայց այս խնդրի լուծման հարցում համոզված եմ` հաստատ կստացվի: