Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում. Մարի-Պիեր Պուարիե

Հոկտեմբերի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրեն Մարի-Պիեր Պուարիեին: Հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայոթյունը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 20-ամյակի օրերին, և նշեց, որ հիմնադրամի գրասենյակը Երևանում այս տարիների ընթացքում լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության բարձր գնահատականի համար՝ Մարի-Պիեր Պուարիեն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում, ինչը զգալիորեն նպաստում է երեխաների խնդիրների լուծմանը։ Տիկին Պուարիեն նախարար Նալբանդյանին տեղեկացրեց նաև իր այցի շրջանակներում Երևանում կայացած տարածաշրջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման մասին:

ԱԳ նախարարը կարևորեց տիկին Պուարիեի այցի ընթացքում Երևանում տարբեր գերատեսչությունների հետ անցկացված քննարկումները՝ 2016-2020թթ. Հայաստանի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել