ՀՀ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին ընդունել է որոշում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: Գործը գրավոր ընթացակարգով քննվել է դռնբաց նիստում: Գործի քննության առիթը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ ս.թ. մայիսի 13-ին ՀՀ Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության՝ «եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19 և 31-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2010թ. դեկտեմբերի 22-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել 2010թ. դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 1-ից:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ «Չվճարված կենսաթոշակի գումարը վճարելը» վերտառությամբ 36-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 3-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է.
«Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում»:
Վիճարկվող դրույթը գործող խմբագրությամբ ամրագրվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2012թ. մարտի 19-ի ՀՕ-100-Ն օրենքով:
Գործի քննության մանրամասները կարող եք գտնել ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում: