Սահմանամերձ համայնքի հոգսի թեթևացում, ներդրումային նոր ծրագրեր, ձմեռային զորակոչ և այլ հարցեր՝ ՀՀ Կառավարության նիստի օրակարգում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 2014թ. հոկտեմբերի 15-ի «2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» թիվ ՆՀ-544-Ն հրամանագրի՝ ՀՀ կառավարությունը որոշել է ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, աշխատանքների համակարգման նպատակով՝ մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը: ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
Գործադիրը հավանություն է տվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն ներկայացվող ՀՀ երկրորդ ազգային զեկույցին, ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը ապահովել զեկույցի թարգմանությունը: Երկրորդ զեկույցի նպատակն է ներկայացնել երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև ցույց տալ նախորդ դիտարկումից՝ 2010 թվականից մինչև օրս մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ձեռքբերումներն ու մարտահրավերները:
Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինակության վերահսկողության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին իր նախկին որոշման մեջ, «Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժինը շարադրելով նոր խմբագրությամբ:

Կառավարությունը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին: ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է: Նախնական հաշվարկներով ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ:
Հաշվի առնելով պետության կարիքների համար կնքված պետական գնման պայմանագրերի կողմերի կամքից անկախ գործոնների առկայությունը, կառավարությունը որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն տալ փոփոխություն կատարելու Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքների և աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացման պետական գնման պայմանագրերում:

Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի և Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած բարձրագույն կրթություն ունեցող անձանց ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:
Նախագծով առաջարկվող հարցի առավել ճշգրիտ կարգավորումն ապահովելու նպատակով կառավարությունը կարգավորման առարկան առաջարկել է իր կողմից ներկայացված խմբագրությամբ, միաժամանակ կարծիք հայտնել, որ խնդիրը մեկ այլ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման խնդիր է և օրենքի նախագիծը ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:
Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, կառավարությունը կիսել է հեղինակների մտահոգությունն ու նպատակադրումները սահմանային համայնքների տնտեսական ակտիվության բարձրացման, սոցիալական խնդիրների լուծման կապակցությամբ, առաջարկել կատարել մի շարք հստակեցումներ, ապա ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայացված առաջարկությունները նույնությամբ կրկնում են ՀՀ կառավարության օրենսդրական փաթեթի նպատակադրումն ու ուղղությունները, հեղինակներին առաջարկել բարձրացված խնդիրների լուծմանն անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից «Այբ» կրթական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրով տրամադրելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 213 միլիոն 838 հազար դրամ: «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, սկսում է իրականացնել Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի արդյունքում մեկ տասնամյակի ընթացքում կհավաստագրվի շուրջ 2 հազար միջազգային որակավորման ուսուցիչ: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ, կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սոցիալապես անապահով և սահմանամերձ համայնքների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով կառավարությունը նվիրաբերության պայմանագրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 140 միլիոն դրամ:

Փոփոխություն կատարելով իր նախկին որոշման մեջ, կառավարությունը Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքն ընդգրկել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցանկի մեջ, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով լրացուցիչ այդ համայնքի համար հատկացնելով շուրջ 3 մլն 257 հազար դրամ:
Փախստականների բնակարանային ապահովման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունը հստակեցրել է իրավական ակտերում կիրառվող կացարան/հանրակացարան եզրույթների սահմանումները, փոփոխություններ և լրացումներ կատարելով նախկինում ընդունված մի շարք որոշումներում:
ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կողմից զբաղեցրած շենք-շինությունների և հողատարածքների նկատմամբ պետական գրանցում իրականացնելու նպատակով կառավարությունը Պետական գույքի կառավարման վարչությանը գումար է հատկացրել չափագրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, «Վիքիմիեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությանը և «Սատար» հաշմանդամների ՀԿ-ին տարածք տրամադրելու թույլտվություն տվել:

Կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Ջամշլուի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, Շվեյցարիայի ֆեդերալ տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտ Մուրադ Թովմասյանի և Երևան քաղաքի բնակիչ, նույն ինստիտուտի ասպիրանտ Հայկ Սարգսյանի՝ զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը երկարացվել է մինչև ուսումնառության ավարտը՝ 2018թ. ամառային զորակոչը:
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար և ցանկություն ունի իր աշխատանքը շարունակել մասնավոր սեկտորում, հետագայում նույնպես կհամագործակցի կառավարության հետ:

Մանրամասները՝ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել