Ինչպե՞ս նվազեցնել ընտանեկան բռնությունը Հայաստանում

Ընտանեկան հարաբերությունները կարգավորելու համար առանձին օրենք է պետք: Պնդում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները: Այս կազմակերպության կայքում հրապարակվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը:

Նախագծում նշվում է, որ օրենքի նպատակն է «ընտանեկան բռնության արդյունավետ կանխարգելումը և ընտանեկան բռնության զոհերի նպատակային պաշտպանությունն ու աջակցությունը»: Այն սահմանում է ընտանեկան բռնության տեսակները և առաջարկում կանխարգելման միջոցներ:

«Կանանց իրավունքների կենտրոն»-ի տնօրեն Սուսաննա Վարդանյանի խոսքերով` օրենքը զսպաշապիկ կլինի բռնություն կիրառողների վրա. «Ինչքան էլ որ նվազի դեպքերի քանակը, էլի շատ լավ է, բայց օրենքի առաջնային նպատակն է այս խնդիրը դարձնել ավելի տեսանելի»,- փոխանցեց տիկին Վարդանյանը:

Այս նախագծի հեղինակները նաև նպատակ ունեն ստեղծել հատուկ կացարաններ ընտանեկան բռնության զոհերին համար, որտեղ վերջիններիս անհատույց կտրամադրվի  սնունդ, հագուստ, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և բժշկական օգնություն, իսկ երեխաններին` նաև կրթության հնարավորություն: Սուսաննա Վարդանյանը փոխանցեց, որ դրանց քանակը սկզբնական շրջանում պետք է լինի առնվազն 3-ը. «Ըստ միջազգային նորմերի` ամեն 10 հազար բնակչի համար մի ապաստարան և ճգնաժամային կենտրոն է նախատեսվում: Հայաստանում այդ ռեսուրսները չկան, բայց գոնե պետությունը պետք է ունենա երեք նման ապաստարան, բացի այդ հարկավոր է մշակել ծրագրեր տղամարդկանց հետ աշխատելու համար, որոնք բռնարարներ են»,- նշեց տիկին Վարդանյանը` հավելելով, որ նախագծով համապատասխան աշխատանքներ են իրականացվելու նաև ոստիկանների հետ:

Նախագծում ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցներն են պաշտոնեական նախազգուշացումը, արտակարգ միջամտության որոշումը և պաշտպանական որոշումը:

Հիշեցնենք, որ 2012թ.-ին կրկին շրջանառության մեջ դրվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, որը 2013թ.-ին չընդունվեց կառավարության կողմից` պատճառաբանությամբ, թե հակասահմանադրական է: Այս նոր նախագծի հեղինակները հավաստիացնում են, որ նկատի են առել կառավարության պատճառաբանությունն ու առաջարկները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել