13 հազար եվրո ամսական ու ՀՀ նախագահի խախտված հրամանագիրը

13 հազար եվրո ամսական ու ՀՀ նախագահի խախտված հրամանագիրը

2003թ. թվականից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը օգոստոսին նշանակվեց ՍԴ-ում` որպես դատավոր: ՄԻԵԴ-ում տիկին Գյուլումյանը ստանում էր մոտ 13 հազար եվրո ամսական աշխատավարձ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 2-ի հրամանագրով ստեղծվեց մրցութային հանձնաժողով, որը ընտրեց այս պաշտոնի երեք թեկնածուներին (Արմեն Հարությունյան, Արայիկ Ղազարյան և Նելիկ Հարությունյան): Այս ցուցակը ներկայացվել է ՀՀ նախագահին, նա այն հաստատեց, սակայն մեր համոզմամբ` բավականին հիմքեր կային մերժելու համար:

«0» թափանցիկություն և հրապարակայնություն

Ամեն ինչ սկսվեց հենց այստեղից: Մեր համոզմամբ՝ «0» թափանցիկություն և հրապարակայնություն աշխատելաոճը Հանձնաժողովն ու նրա գործունեությանն իրավակազմակերպական օժանդակություն ցուցաբերող ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը որդեգրեց ի սկզբանե: Սեպտեմբերի 22-ից, երբ արդեն հայտնի էր, որ թեկնածուներ կան, նախարարությունում հրաժարվում էին տրամադրել նրանց տվյալները` պատճառաբանելով, որ հենց իրենք` հավակնորդներն, են ցանկացել անանուն մնալ: ՀՀ Նախագահի 2014թ. օգոստոսի 02-ի ՆՀ-199-Ն հրամանագրի հավելվածում հստակ նշվում է, որ «Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է թեկնածուների ընտրության պայմանների հավասարության, ընթացակարգի թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա», այնպես որ այս պատճառաբանությունը հիմք չէր խախտելու ՀՀ նախագահի հրամանագիրը: Բացի այդ, թեկնածուներից մի քանիսն արդեն իսկ հայտնել էին, որ դեմ չեն, որպեսզի իրենց անունները հրապարակվի:

Արմեն Հարությունյանի թեկնածության վարկածը

Արմեն Հարությունյանն առաջին անգամ չէ, որ պայքարում է այս պաշտոնի համար: Նրա թեկնածությունն առաջադրվել էր նաև 2003թ.-ին, երբ պարոն Հարությունյանը Կառավարման ակադեմիայի ռեկտոր էր: Ինչևէ, Արմեն Հարությունյանն իր թեկնածության հայտը ուղարկել էր փոստի միջոցով: Արդարադատության նախարարությունն
արդեն հրապարակել է նրա կողմից ներկայացված փաստաթղթերի փոստային ծրարի լուսապատճենը: Փոստի դիմային հատվածում նշված է շտրիխ կոդը, որի շնորհիվ կարող ենք հետևել փոստի շարժին: www.haypost.am կայքում մուտքագրելով կոդը` ստանում ենք հետևյալ պատկերը (տես` լուսանկարում):namak

Ըստ այդմ` նամակը հանձնվել է առաքիչին սեպտեմբերի 24-ին ժամը 10:04-ին: Ինչը արձանագրել է նաև հանձնաժողովն իր N3 արձանագրության մեջ: Սակայն հանձնաժողովը այստեղ կանգ է առնում և նամակի հետագա ճակատագրին չի անդրադառնում բացարձակապես, իսկ այդ պարագայում պարզ է դառնում, որ փոստը Արդարադատության նախարարություն է մուտքագրվել այլ ժամի: Այսպես` նախարարության կողմից հրապարակված նույն լուսապատճենի փոստի դարձերեսին նկատում ենք երկու կնիք, դրանցից մեկը 0078 դասիչով փոստային բաժանմունքի կնիքն է, այն բավականին վատ է երևում (տես` լուսանկարում):7 copy

Այդուհանդերձ կարող ենք հստակ ֆիքսել, որ փոստը 18:00-ից (եթե փորձենք ջնջված կնիքից հասկանալ, ապա կարող ենք արձանագրել, որ 18:50-ին) հետո առաքվել է ոչ թե Արդարադատության նախարարություն, այլ Մարգարյան 16 (0078 դասիչով փոստային բաժանմունքը գտնվում է նշյալ հասցեում (տես` լուսանկարում): 0078Այնպես որ` փոստը դուրս է մնում մրցույթից:

Մեր կարծիքով` այս պարագայում հանձնաժողովը նախագահի հրամանագիրը խախտել է նաև սեփական մեկնաբանությունը մտցնելով N3 արձանագրության մեջ:

Այսպես` հանձնաժողովն ուշադրություն չի դարձրել 0078 դասիչով փոստային բաժանմունքի կնիքին և մեկնաբանել է` «Այնուհանդերձ, Հանձնաժողովը գտնում է, որ եթե անգամ հայտը փոստային կարգով ստացված լիներ 24.09.2014թ. ժամը 18:00-23:59 ընկած ժամանակահատվածում (եթե ֆիզիկապես և տեխնիկապես հնարավոր լիներ դրա առաքումը փոստից և/կամ ընդունումը նախարարությունում), ապա այն կհամարվեր պատշաճ. քանի որ Հանձնաժողովի կողմից հաստատված Հայտարարությունում սահմանված ժամը` 18:00-ը, ողջամտորեն վերաբերում էր միայն հայտը առձեռն հանձնելու տարբերակն ընտրած քաղաքացիներին և ուղղված էր նրանց վարքագծի կանխատեսելիության ապահովմանը»:

Նախ` վերոնշյալ հայտարարությունում սևը սպիտակի վրա գրված է` «Փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 24-ը, ժամը 18:00-ն՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով: Փաստաթղթերի ներկայացման, դրանց ստացման, ինչպես նաև հնարավոր թերությունների վերացման հետ կապված հարցերը լուծվում են Կարգով նախատեսված կանոններով»: Այս տողերում խոսք չկա առձեռն հանձնելու և փոստով ուղարկելու տարբերակի մասին:

Եվ ամենակարևորը` հարկավոր է ուշադրություն դարձնել ՀՀ Նախագահի 2014թ. օգոստոսի 02-ի ՆՀ-199-Ն հրամանագրի հավելվածին, որի երրորդ գլխի (Մրցույթի անցկացումը) 13, 14 և 16-րդ կետերում կրկին սևով սպիտակի վրա գրված է (ուշադրություն դարձրեք մգեցրած հատվածներին)`
«13. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր), ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ բնակության և էլեկտրոնային փոստի հասցեները:
14. Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստով:
16. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետի լրանալը:
Այստեղ որևէ մեկը տեսա՞վ տարանջատում առձեռն հանձնելու և փոստով ուղարկելու տարբերակների միջև: Հրամանագրի հավելվածն արդեն սահմանել է, թե ինչ կերպ պետք է անձը ներկայացնի փաստաթուղթը: Մեր համոզմամբ` Հանձնաժողովն` իր N3 արձանագրությամբ խախտել է ՀՀ նախագահի հրամանագիրը»:

Վահե Գրիգորյանի թեկնածության հարցը

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթի առաջին իսկ օրերից նրա նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն: Սկզբում այս կազմակերպության կատարած աշխատանքի հիման վրա հայտարարությամբ հանդես եկան մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ:

Այնուհետև մրցույթային փուլի մասին հայտարարություններ էր անում միայն «Իրավունքի Եվրոպա միավորում»-ը (այսուհետ` ԻԵՄ): Այն նաև դիտորդական առաքելություն իրականացրեց մրցույթի հարցազրույցի փուլում:

Մեր կարծիքով` այս կազմակերպության շահագրգռվածության հարցում առկա է շահերի բախում: ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի հավակնորդներից մեկը` փաստաբան Վահե Գրիգորյանը վերոնշյալ հասարակական կազմակերպության անդամն է և հիմնադիր: Հավակնորդը սեպտեմբերի 23-ին գրավոր դիմում է ներկայացրել իր անդամակցությունը դադարեցնեու մասին, ինչը վկայում է ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանի կողմից մեզ տրամադրած դիմումը: Սակայն կայքի «Մենք» բաժնում հավակնորդի անունը շարունակում է առկա մնալ (տես լուսանկարում):Untitled-1

Փաստացի այս հավակնորդը մինչև ս.թ. սեպտեմբերի 23-ը ի պաշտոնե ազդել է ԻԵՄ-ի որոշումների կայացմանը: Հենց այս ընթացքում է կազմակերպությունը ՀԿ-ների հետ հայտարարություն տարածել, բացի այդ սեփական հայտարարությամբ հանդես եկել` պահանջելով չեղյալ համարել 3 հավակնորդների մասնակցությունը մրցույթին: Այս խնդրին մենք դեռ կանդրադառնանք:

Պատկերի փոփոխություն

Այսպիսով` մեր կարծիքով հարկավոր է մրցույթից դուրս հանել Արմեն Հարությունյանին: Սա իրականացնելու պարագայում փոխվում է ընդհանուր պատկերը: Առաջին հորզոնականում կհայտնվի Արայիկ Ղազարյանը, երկրորդում Վիգեն Քոչարյանը, իսկ երրորդ հորիզոնականում` Վահե Գրիգորյանը: Այս պարագայում հանձնաժողովը ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն` կրկին որոշման կդնի, արդյոք անհրաժեշտ է երրորդ տեղը զբաղեցնող հավակնորդին փոխարինել առավելագույն միավոր հավաքած իգական սեռի ներկայացուցիչով` Նելիկ Հարությունյանով:

Շարունակելի:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել