Սպանություն Վարդենիսում. կասկածյալը ներկայացել է ոստիկանության բաժին

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.40-ին, Վարդենիսի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.05-ին, հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Արման Մանուկյանի դիակը:
Փաստի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրն սպանվածի եղբայրը հաղորդում է տվել, որ 2014 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Բանավան» թաղամասում իրեն պատկանող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային է մոտեցել Վարդենիս քաղաքի բնակիչ Գալստյանն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որից իջել է Ս.Կարապետյանը և իր մոտ գտնվող ինքնաձիգից մեկ անգամ կրակել իր եղբոր` Արման Մանուկյանի վրա և դիմել փախուստի:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2014 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը 23:10-ին, Ս.Կարապետյանը կամովին ներկայացել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ հայտարարելով, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Պասյոլոկ» թաղամասի տարածքում վիճաբանության ժամանակ իր կողմից ներկայացված «ԱԿՍ» տեսակի 5,45 մմ տրամաչափի, գործարանային համարի ինքնաձիգից մեկ անգամ կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Արման Մանուկյանին, որից հետո ավտոմեքենայով դիմել է փախուստի՝ իր հետ տանելով ինքնաձիգը:
2014 թվականի հոկտեմբերի 13-ին` ժամը 01:00-ին, Սասուն Կարապետյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով: Վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց:
Հարուցված քրեական գործով կազմվել է քննչական խումբ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, տուգանային հրապարակ են տեղափոխվել նաև նշված անձանց ավտոմեքենաները, զննվել։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել