Ինչո՞ւ չի աշխատում պայմանական վաղաժամկետ ինստիտուտը. փաստաբան

Պայմանական վաղաժամկետ ինստիտուտում տիրում է անկառավարելի գործընթաց: Պնդում է փաստաբան Նորայր Նորիկյանը. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պայմանական վաղաժամկետ ինստիտուտը չի աշխատում, այդ հիմնարկներում գործող վարչական հանձնաժողովները, որոնք կառավարության որոշմամբ սահմանված կարգով ամեն եռամսյակը մեկ նիստեր են իրականացնում և լսում են դատապարտյալներին` քննարկելով պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերը, բառիս բուն իմաստով` կրում են իմիտացիոն բնույթ, դրանց անկախ լինելու մասին խոսակցությունները զուտ երևակայության արդյունք են: Ընդամենը «Քրեակատարողական օրենսգրքի» 115 հոդվածի 4-րդ մասը ֆորմալ առումով նախատեսել է, որ այդ բոլոր վարչական հանձնաժողովի որոշումները երթակա են բողոքարկման դատական մասով, սակայն մենք բոլորս լավ հասկանում ենք փակ ցիկլը»,- ասաց փաստաբանը:

Ավելին` պարոն Նորիկյանի տեղեկություններով` այս խնդիրը կրում է համատարած և համակարգված բնույթ. «Զուտ նախագահական ապարատից մի շարք հոդվածներով արգելք է դրված պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեության վրա»:

Ավելի առարկայական դարձնելու համար սեփական կարծիքը` պարոն Նորիկյանը մի օրինակ բերեց. «Քրեական օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված է, որ անչափահաս տարիքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը կարող է պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել, պատժի կեսը կրելուց հետո: Կոնկրետ այս պարագայում ես նման դեպք ունեմ, երբ իմ պաշտպանյալն անչափահաս տարիքում կատարել է ծանր հանցագործություն, դատապարտվել է 10 տարի ազատազրկման, նրա վրա տարածվել է 2013թ. հոկտեմբեր ամսին համաներման որոշումը, նա կրել է պատժի կեսը, սակայն ՔԿՀ-ի վարչակազմը դրական բնութագրելով տվյալ անձին` վերջնական արդյունքում բացասական միջնորդագիր է ներկայացնում, որպեսզի պայմանական վաղաժամկետ ինստիտուտը չտարածվի նրա վրա»:

Փաստաբանն իր մտահոգությունները հայտնել է Արդարադատության նախարարին, սակայն նրան ի պատասխան` նախարարության աշխատակիցը պարզապես մի շարք հոդվածների մեջբերում է արել` լուծում չտալով խնդրին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել