Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոին:
Գնդապետ Սեբոն Սեյրան Օհանյանին է հանձնել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չակ Հեյգլի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված երաշխավորման նամակը, որով ներկայացվում է Հայաստանում ռազմական կցորդի պաշտոնավարման լիազորությունների շրջանակը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և դեսպան Հեֆֆերնը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնած գործընկերների հետ համագործակցության և փոխգործակցելիության զարգացման նոր հարթակի շրջանակներում:
Դեսպան Հեֆֆերնը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է զարգացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել