Երեխաների իրավունքների վիճակը ՀՀ հատուկ կրթական հաստատություններում

Սեպտեմբերի 10-ին ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության և ՀՀ հատուկ կրթական հաստատությունների երրորդ մոնիթորինգի զեկույցը` երեխաների իրավունքների վիճակի վերաբերյալ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հասարակական դիտորդների խումբը  ստեղծվել է տարիներ առաջ` նախարարի նախաձեռնությամբ, որում ներգրավվել են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ:
«Խումբն անկախ կառույց  է, որն այս տարիների ընթացքում բավականին  արդյունավետ աշխատել է, մեզ օգնել` հատուկ կրթական հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը ճիշտ գնահատելու: Ընդ որում` խնդրո առարկա է  եղել ոչ միայն երեխայի կրթության իրավունքի, այլ նաև վերջինիս զուգորդված այլ իրավունքների պաշտպանությունը:
Այսօր արդեն կարելի է փաստել, որ անկախ նրանից, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մեծ մասը շենքային կամ նմանատիպ այլ խնդիրների հետ է կապված, բուն երեխայի իրավունքի խախտման, բռնության ցայտուն դեպքեր չունենք: Բացի շենքային պայմաններից, հատուկ կրթության ոլորտի հիմնախնդիր է այն փաստը, որ շատ երեխաներ այդ դպրոցներում են հայտնվում սոցիալական խնդիրների պատճառով և ոչ բոլորն են, որ ունեն առանձնահատուկ կրթության կարիք: Նրանց մեծ մասը սոցիալապես  անապահով խավի երեխաներ են, ովքեր այդպես հայտնվում են  պետության խնամքի տակ: Այդ տեսակետից խնդիր է այս երեխաներին վերադարձնել ընտանիք, և այստեղ մեծ համալիր աշխատանք կա կատարելու`  կրթական, առողջապահական, սոցիալական և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ջանքերով:  Ցանկացած բարեփոխումների հետևում կոնկրետ երեխայի ճակատագիր է, և  ամեն կոնկրետ դեպքով պետք է առանձին զբաղվել»,-նշել է նա:
Զեկույցը, որին աջակցել է Գերմանիայի Դաշնության Հանրապետությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանը և իրականացվել է Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամի կողմից, պատրաստվել է հանրային դիտորդական խմբի կողմից 2013թ. մայիս հոկտեմբեր ամիսներին՝ 22 հատուկ կրթական հաստատություններում հանրային դիտորդական խմբի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում:
Ծրագրի նպատակն է խթանել և պաշտպանել երեխաների իրավունքները հատուկ կրթական հաստատություններում՝ ներդնելով երեխաների իրավունքների անկախ մոնիտորինգի մեխանիզմ  հատուկ կրթական հաստատություններում: 2013թ. մոնիտորինգի ենթարկված  22 հատուկ կրթական հաստատություններում խնամք է մատուցվում 2,106 երեխաների, որոնցից` 1230 երեխա՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և 876 երեխա` Տարածքային կառավարման նախարարության ենթակայության հաստատություններում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել