ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագիրը, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը և ԵՄ-ի հետ հարաբերությունները ԱԳ նախարարին ուղղված հարցերում

ՀՀ ԱԳ նախարարը այսօր մամուլի ասուլիս է ունեցել Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ: Իր խոսքի սկզբում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է իր ավստրիացի գործընկերոջը` Ավստրիայի արտաքին գործերի նախարար պարոն Սեբաստիան Կուրցին և մատնանշել տարածաշրջանային, միջազգային հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը կողմերի միջև: Մասնավորապես քննարկվել են արդեն գոյություն ունեցող բավական հարուստ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները։ Երկու երկրների միջև մոտ քսան պայմանագիր է ստորագրված: Արտգործնախարարները խոսել են այն մասին, թե ինչպես ակտիվացնեն միջխորհրդարանական կապերը:

Այնուհետև ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերին:

Հարցերն ու պատասխանները ներկայացնում ենք ստորև:

Հարց. Պարոն Նալբանդյան, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում, կարծես, առավելություն է տրվում տարածքային ամբողջականությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Եվ հարց երկու նախարարներին. Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի մասին պայմանավորվածությունը։

Էդվարդ Նալբանդյան. Վստահ եմ, որ գիտեք, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: Ավելին` իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են` նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։

Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են: Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովների ընթացքում՝ գագաթաժողովից գագաթաժողով որոշ փոփոխություններով, նաև վերջին` Ուելսի գագաթաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին և մոտեցումներին, չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում` ԵԱՀԿ շրջանակներում:

Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։ Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի և ավելի է կտրվում իրականությունից, և իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման` միջազգային հանրության մոտեցմանը։ Ես կցանկանայի նշել, որ ընտրովի մոտեցումը սկզբունքներին հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Կանոնադրությանը, նաև` Հելսինկյան Եզրափակիչ ակտին:

Ուկրաինայի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք ողջունում ենք հրադադարի ձեռքբերման պայմանավորվածությունները և հուսով ենք, որ դրանք կյանքի կկոչվեն, արդեն սկսել են կյանքի կոչվել, և դա ճանապարհ կբացի բանակցային սեղանի շուրջ լուծումներ գտնելու, հարատև կարգավորման գնալ:
Հարց. Ինչպե՞ս է ընթանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, և ի՞նչ դեր է խաղում այդտեղ ղաբարաղյան հարցը։

Էդվարդ Նալբանդյան. Բանակցություններն ընթանում են բնական հունով և կարծում եմ շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն, իսկ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով` թե Հայաստանի կողմից, թե Ռուսաստանի կողմից, և հստակորեն ասվել է` խոսքը չի գնում նրա մասին, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին: Այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը:

Հարց. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը արդյոք նշանակում է, որ ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորությունը ամբողջովին փակվել է։

Էդվարդ Նալբանդյան. Դուք գիտեք, որ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Հայաստանը և Եվրամիությունը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասված է երկուստեք ձգտման մասին` համագործակցությունը շարունակել բոլոր հնարավոր ոլորտներում: Սա է մեր մոտեցումը, սա է Եվրոպական միության մոտեցումը, և մենք շարունակելու ենք աշխատանքները և ջանքերն այդ ուղղությամբ: Ավելին՝ Հայաստանի արտգործնախարարը և Քեթրին Էշթոնը փոխանակեցին նամակներ` այս մտադրության մասին, որտեղ ավելի մանրամասն նկարագրված են ձեռնարկվելիք քայլերը:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել